Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, թե սիրտը և թե գլուխը։ Եվ ուրիշ կերպ լինել կարող չէր, արևմտյան կրթությունը նա ստանում է երկրորդական ձեռքից...

Պանսիոնից առնում են «մոդնի» աղջկան, երբ մարդու տալու ժամանակը մոտենում է։ Դպրոցի կրթությունը լրացնում է մայրը։ Երևակայեցեք ձեզ մի մայր, որ հանկարծ արևելյան կյանքից արևմտյանի մեջ էր ընկել — փակ ընտանիքից դեպի արձակ աշխարհ էր դուրս եկել։ Տարբերությունն ահագին է։ Կինը, որ պատրաստված չէ աշխարհի համար, որ ծանոթ չէ ժողովրդի հետ, որ չգիտե կյանքի արտաքին պայմանները, միշտ անզոր կլինի վտանգների դեմ։ Դրանով պետք է բացատրել շատ մայրերի վարքը...

Ազատվելով պանսիոնից, աղջիկը բոլորովին մի կողմ է ձգում գրքերը, նա սիրում է նայել ավելի «մոդնի ժուռնալների» վրա։ Բայց լինում են այնպիսիները, որ սկսում են կարդալ այն գրքերը, որ պանսիոնում արգելված էին։ Նրանք դառնում են ավելի սանտիմենտալային և ավելի ցնորամիտ։ Թերի ուսումը և անհիմն կրթությունը երբեմն առաջ են բերում տարապայման անձնավորություններ, այս պատճառով զարմանալի չէ տեսնել, որ մեր թերուսներից հայտնվում են երբեմն «նիհիլիստկաներ»։ Ծայրահեղությունները շոշափում են միմյանց։ Տգետ, սնահավատ, նախապաշարմունքներով լի խավար ընտանիքը տալիս է շատ անգամ ծայրահեղ ազատամիտներ, երբ կրթության լույսը մոտեցնում ես նրան։ Բայց այսպիսիների թիվը մեր աղջիկների մեջ շատ փոքր է։ Ես առիթ եմ ունեցել միայն մեկի հետ ծանոթ լինելու։ Մինչև այսօր չեմ կարող երևակայել մի ուրիշ ողորմելի արարած, որ նրա նման մտավոր հիվանդության մեջ ընկած լիներ։ Ես հարգում էի նրան, որովհետև նա ներկայանում էր որպես մի բողոք ընտանիքի հնացած նախապաշարմունքների դեմ, բայց ցավում էի, որ այնքան դարտակ էր։

Ընտանիքն ավելի է փչացնում անմեղ աղջկան, քան թե պանսիոնը։ Ծնողների բարքերի կոպտությունը, վայրենությունը, կյանքի համարձակությունը, վատ օրինակ — ահա՛ ընտանիքի այն պայմանները, որոնց մեջ կազմվում է աղջկա բնավորությունը սկսյալ նրա մանուկ հասակից։ Աղջիկը հոր երեսը համարյա չէ տեսնում. նա առավոտյան դիմում է իր գործին, երբ բոլորը քնած էին. ամբողջ ցերեկը անց է կացնում խանութում կամ կանտորում։ Երբ գիշերը խանութը կողպվում է, այնտեղից ուղղակի դիմում է կլուբը թուղթ խաղալու և վերադառնում է տուն այն ժամանակ, երբ բոլորը նույնպես քնած էին։ Լինում են գիշերներ, որ նա չի էլ վերադառնում...