Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտաքին ատմոսֆերայի ազդեցությունը կարող էր փչացնել, որ նա իր անձի տերը չէ, այլ գործ են ածում նրան որպես մի սեփականություն, որ ուրիշին էր պատկանում, և վերջապես, որ նա իբրև մարդ զրկված է մարդկային ամեն իրավունքներից։ Այդ հարցերի լուծումը շատ դժվար է, մանավանդ այն պատճառով, որ պատմությունը մեր հին ընտանեկան կյանքից ամենևին տեղեկություն չէ տալիս։ Շատերը կարծում են, թե կնոջ այս դրությունը կազմվեցավ մահմեդական ազդեցության ներքո, ոմանք տղամարդի բռնասիրությունն են պատճառ բերում։ Բայց իմ կարծիքով, հայ ընտանիքի կազմակերպությունը չէր կարող մի ուրիշ տեսակ վիճակ ստեղծել կնոջ համար, քան թե այն, որ այժմ կա։ Նրա կացությունն այն աստիճան համապատասխանում է իր շրջանին, որ ստիպված ես մտածել, եթե այլ կերպ լիներ, անպատշաճ կլիներ։ Երևակայեցեք ձեզ մի գյուղական ընտանիք, որ բաղկացած է քսան-երեսուն կամ ավելի անդամներից. մի քանի ամուսնացած եղբայրներ միասին են ապրում. նրանց որդիները նույնպես կնիկներ ունեն. տունը լցված է զանազան հասակի երեխաներով. հենց դա մի փոքրիկ պետություն է, ուր մարդիկ կապված են իրար հետ ընդհանուր շահերով։ Մի այսպիսի ընտանիքի ամբողջությունը և ներդաշնակությունը պահպանելու համար, արևելյան հայացքով, շատ բնական էր, որ կնիկներին ձայն և իրավունք չտրվեր։ Երկպառությունը եղբայրների մեջ միշտ ծագում է կնիկների անհամաձայնությունից։r Կինը չափազանց բծախնդիր և նախանձոտ է։ Տղամարդը մտածեց նրա բերանը փակել, որ ընտանիքի կապերը չքանդվեն։ Կնոջ դրության մյուս մանրամասն ևս բնականաբար առաջ եկան միևնույն ընտանեկան պայմաններից, որ պահանջում են նրանից անպայման հնազանդություն։ Իհարկե, կնոջ դրության վրա փոքր չազդեց և արտաքին աշխարհը. տիրող ազգերի բռնաբարությունները ստիպեցին քողի տակ պահել նրան։ Մի արաբական խալիֆա ասում է. «Երկու բան պետք է ծածուկ պահեք օտարի աչքից, մեկը փողը, մյուսը — կինը»։ Այդ խրատը արևելքի պահանջն էր։

Կասեք, ի՞նչ հարկ կար, որ անպատճառ մի քանի եղբայրներ անբաժան ապրեին, երբ կարող էր յուրաքանչյուրը մի առանձին ընտանիք կազմել։ Աշխատանքի բաժանումը պահանջում է հիմնել մի այսպիսի, եթե կարելի է ասել, ընտանեկան ասոցիացիա։ Գյուղական ընտանիքն անպատճառ պետք է շատ աշխատող ձեռքեր ունենա իր բազմատեսակ գործերի համար։ Ավելացրեք դրա վրա և այն հանգամանքը, որ մեր գյուղացին ապրել է միշտ բարբարոս