Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ավազակ ցեղերի բռնության ներքո. արտաքին ճնշումը ստիպում էր, որ մոտ ազգականները սեղմվեին միմյանց հետ և կազմեին մի մեծ ամբողջ, ոչ միայն ավելի աշխատող ձեռքեր ունենալու համար, այլ մի մեծ ուժ կազմելու համար, և կռվելով աշխատության արդյունքը հափշտակությունից ազատ պահելու համար։ Դա նահապետական դրության պահանջն է։ Մեր նախապապ Հայկի ընտանիքը բաղկացած էր 300 հոգուց։

Այժմ, որ ազատություն է տիրում և կյանքի պայմանները փոխվում են, նրա հետ էլ ընտանիքի կազմակերպությունը փոքր առ փոքր ուրիշ ձև է ստանում. գերդաստանի անդամների թիվը պակասում է, եղբայրները պսակվելուց հետո բաժանվում են։ Եվ, այստեղից կնոջ վիճակը մասամբ կփոխվի։ Ի՞նչու։ Նրա համար, որ եթե նրանից պահանջում էին հնազանդություն, պահանջում էին լուռ լինել, դա գլխավորապես այն նպատակով էր, որ պահպանվի ընտանիքի ներդաշնակությունը, որ բաղկացած էր շատ անդամներից։ Բայց եթե այր ու կին ու իրանց զավակները մի փոքրիկ ընտանիք են կազմում, այն ժամանակ տղամարդը նրա հետ շատ խիստ չի լինի, և ինքն իր շահերով միակ կնոջ հետ կապված լինելով, նրա վրա կնայի որպես իր ընկերի վրա, և նրան իրավունքներ ու ազատություն կտա։ Եվ կինը, այսպիսով ընտանիքի մեջ փոխելով իր դրությունը, նրա հասարակական դրությունն էլ կփոխվի։ Այս դատողությունները գուցե խորթ երևան, բայց պետք է խորամուխ լինել գյուղական գերդաստանի մեջ, այն ժամանակ կհամոզվի մարդ, թե այդ այդպես է։ Որքան էլ սիրելու լիներ տղամարդն իր կնոջը, որքան էլ ցանկանալու լիներ նրան լավ և հանգիստ պահել, դարձյալ չէր կարող, որովհետև աշխատանքի բաժանումն ընտանիքի մեջ պահանջում է, որ բոլորը հավասար գործեին։ Եթե ամուսինը մի փոքր խնայեր իր կնոջը, իսկույն կգրգռեր իր եղբոր կնոջ նախանձը. և դրանով եղբայրների մեջ համաձայնությունը կխանգարվեր։ Բայց այդ պահել չէր կարող, եթե բոլոր ամուսնացած եղբայրները միասին չեն բնակվում։

Ընտանիքի նույնիսկ կազմակերպությունը պահանջում էր մտցնել գերդաստանի մեջ միապետական սիստեմա, հանձնելով իշխանությունն այն անձի ձեռքը, որ բոլորից երեցն էր հասակով և բարոյապես հեղինակություն ուներ։ Իհարկե, կինը, որպես ֆիզիկապես մի թույլ արարած, պետք է երկրորդական տեղ բռներ այդ ընկերության մեջ, ուր պահանջվում է ավելի մարմնական ուժ։ Իսկ