Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևելի վաճառական տների և գործարանների հետ։ Այդ պատճառով և չկարողացան ունենալ նոցա հետ ուղղակի հարաբերություններ։ Այդ հանգամանքներով, նոքա, ոչ միայն զրկվում էին ուղղակի Եվրոպայից ապրանքներ բերել տալու միջոցներեն, այլև ստիպված էին յուրյանց երկրի մշակության հում բերքերը վաճառել դարձյալ նույն երկրում գտնված եվրոպացիների վերա: Եվ այդպիսյավ ասիական վաճառականության երկու փոխադարձ ծայրերն ևս անցանում են եվրոպացիների ձեռքում։

Բացի անհմտությունը վաճառականության արհեստի մեջ, Ասիայում հայերի եվրոպացվոց հետ մրցություն անելու անկարողության գլխավոր պատճառներից մինն էլ այն էր, որ նոքա չէին այնպիսի մեծ դրամատերներ, որպես նոցա հակառակորդները, որոց ուժը կազմված էր մեծամեծ ընկերություններից։

Հայերի թուլության վերջին հանգամանքին կարող էին նպաստել նույնպես ընկերությունները, զանազան մասնավոր գումարներից կազմելով նշանավոր դրամագլուխներ։

Այդ հնարը նույնպես գործի դրվեցավ։ Հայերի մեջ երևեցան զանազան ընկերություններ։ Իսկ նոքա ոչ միայն եղան ապարդյուն, այլ յուրյանը գործը մի կամ երկու տարի վարելեն հետո տասն տարիներով սկսան միմյանց հետ դատ վարել, մինչ կարողացան բաժանվել միմյանցից։

Ի՞նչ էր դորա պատճառը։

Թեև շատերը հայերի անմիաբանությանն են վերաբերում այդ, իսկ ես պատասխանում եմ,— պատճառն էր նոցա գիտնական վաճառականության արհեստը չիմանալը և հաշվապահության կանոններին անտեղյակ լինելը։

Ահա այդպիսով, հայերը, լինելով մի ժամանակ գլխավոր ներկայացուցիչքը ասիական վաճառականության, սկսում են նորա երկրորդական դերը խաղալ, դառնալով եվրոպացի վաճառականների օգտին գործիք և նոցա շահերուն ծառա։

Երկաթուղու գիծը հասավ մինչև Թիֆլիս, և նա կգնա մինչև Կասպից ծովը։ Կովկասը կլեցվի մի մեծ հոսանքով եվրոպացի շահախնդիրների։ Նոքա կհայտնվին յուրյանց գիտությամբ, ճարտարությամբ և ամենայն ֆոկուսներով։

Կսկսվի մրցությունը և այստեղ։

Ի՞նչ պիտի անեն հայերը։ Պատրաստվա՞ծ են նոցա հետ մրցելու:

Կարծեմ, ո՛չ։