Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կինն իր դրության այդ ձևի մեջ, թեև դարերով անցկացրուց շատ դժնդակ օրեր, բայց կարողացավ պահպանել իր բարքի մաքրությունը, և առանց փչացնելու հասցրուց իրան մեր ժամանակին։ Այժմ ունենք ձեռքում մի անարատ և դեռ չձևակերպված տարր, որ սովորել է ընդունել ինչ որ լավ է, ինչ որ օգտավետ է, տո՛ւր նրան ուսում, և նա կլինի քաղաքակրթող տարր, որպես մինչև այսօր եղել է ընտանիքի բարոյական հիմքը և նրա աշխատությունները բաժանող անդամը։ Մեծ բարերարություն արած կլինի կնոջ սեռին այն մարդը, որ լուսավորության կայծը կմտցնի ամենախուլ գյուղական խրճիթներում. այդ լույսը միայն կարող է նրան առաջնորդել և դուրս բերելով տնային փակ շրջանից, կանե նրան հասարակական ընկերության անդամ։

Ես սկսեցի գեղջկուհու ծնունդից. պետք է վերջացնեմ նրա մահով։ Այժմ մնում է խոսել նրա ծերության մասին։ Գյուղացի կինը որքան հնանում է, այնքան անտիկային բնավորություն է ստանում. և որքան հիմարանում է, այնքան խելացի է համարվում։ Տարիների բարդության հետ ավելանում է և նրա հեղինակությունը։ Այդ հասակում որդիքն ավելի պատկառանքով են նայում նրան, հարսներն աշխատում են չվշտացնել։ Ծերունի ծնողների թե անեծքը և թե օրհնությունը մեծ նշանակություն ունեն ռամկի մոտ։ Պառավից աշխատություն չեն պահանջում, թողնում են, որ հանգստանա։ Այդ հասակում նա գործում է ավելի եկեղեցում, քան թե տան մեջ։ Նա նախապատրաստվում է գերեզմանի համար։ Պառավի ջերմեռանդությունը հասնում է մինչև խելագարության. նա լինում է չափազանց սնահավատ։ Մանկության օրերում և միջին հասակում նա ժամանակ չուներ մտածելու հոգու և երկնքի համար. կյանքն ավելի շատ էր պահանջում։ Տարվա մեջ մի քանի անգամ եկեղեցի գնալով և հաղորդվելով, նա իր պարտքը վճարում էր։ Այժմ հանգամանքները փոխվեցան։ Այսուամենայնիվ տան մեջ դարձյալ նա հանգիստ չէ մնում. ոսկրացած ձեռները չեն սովորել անգործ մնալ։ Նա է հսկում խոհանոցի վրա, բաժանում է կերակուրները, մառանի բալանիներն իր մոտ է պահում, և նրա դիտող աչքերը չեն թողնում մի բան իզուր կորչել։ Պառավը որովհետև պառավելով կրկին երեխայանում է, այս պատճառով լինում է նա մի լավ ընկեր երեխաների համար, զբաղեցնում է նրանց, պահպանում է, օրոր է կարդում և երբեմն հեքիաթներ է ասում։ Երեխաներն ընտանիքի մեջ չունեն մի ավելի մտերիմ բարեկամ, մի ավելի հզոր պաշտպան, որպես պառավ տատը։ Սպառող կյանքը և նոր սկսվող կյանքը մոտենում