Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքացի արհեստավորն ավելի թշվառ է, քան գյուղացի երկրագործը: Կյանքի պետքերը շատ են, քան թե նրանց լցուցանելու միջոցները: Արհեստավորի հին, ասիական ձևով պատրաստած արդյունաբերությունը օրըստօրե գործածությունից ընկնելով, պատճառ է տալիս նրա դառն չքավորությանը: Ընտանիքի հայրը վաղ առավոտյան գնում է իր խանութը և վերադառնում է մութ գիշերով. նա տանում է իր հետ որդիներից, որը կարող էր իրան օգնել: Կինը չէ մասնակցում ամուսնի արհեստին և ոչ կարող է օգնել նրան: Այդ կարելի էր, եթե արհեստանոցը միևնույն տան մեջ լիներ, ուր նրանք բնակվում էին, բայց նա գտնվում է բազարում, և կնոջ համար բազար դուրս գալ անպատշաճ էր. շատ անգամ նա չգիտե, թե ամուսինը որտեղ է գործում, և երբեք չէ տեսել նրա արհեստանոցը: Եվ այսպես, արհեստավորն առավոտյան գնում է իր գործին, կինը մնում է տան մեջ մենակ: Նա ոչ սպասավոր ունի և ոչ աղախին. ինքն իր տան ծառայողն է, և եթե չուներ նա հասած աղջիկ, որ օգներ իրան, տնային գործերը բոլորն ինքն է կատարում: Պառավ սկեսուրը միայն հրամայող է, և շատ անգամ խանգարում է նրան իր անտեղի պահանջներով, քան թե օգնում է:

Աղջիկն այստեղ ևս ծնվում է միևնույն հանգամանքների մեջ, որպես գյուղերում, և եթե նկարագրեինք նրա որպես աշխարհ գալը և ընդունելությունը պետք է շատ բան նորից կրկնեինք: Մայրն ինքն է կերակրում նորածին աղջկան, ինքն է հոգ տանում նրա մաքրության վրա, որ սկզբում շատ խնամք է պահանջում: Միևնույն ժամանակ նա պետք է օջախը վառե, կերակուր պատրաստե, և ամուսնի համար դուքանը ճաշ ուղարկե: Փոքրիկ աղջիկը միշտ խանգարում է, այս պատճառով նրան շատ անգամ հենց օրորոցի մեջ ծեծում են, որ ձայնը կտրի, աղաղակ չբարձրացնե: Եվ երբեմն խմեցնում են կաթնով եփած խաշխաշ, որ քնե և չխանգարե մորը. թմրությունն և ապշությունն ափիոնի հետ փոքր հասակից մտնում է նրա ուղեղի մեջ:

Աղջկա վիճակը փոխվում է, երբ նա ազատվում է օրորոցից, երբ այլևս չէ կերակրվում մոր ստինքով, և երբ կարողանում է սողալ, կամ չորս թաթիկների վրա քաշ գալ, և կամ պատերը բռնելով ման գալ: Այժմ նա ինքն իրան կարող է կառավարել: Նա երբեմն դուրս է գալիս բակը և ամողջ օրը թավալվում է հողերի և ցեխերի մեջ: Մայրը մասամբ ուրախ է, որ նրա երեսը չէ տեսնում, և երբեմն գտնում է նրան դրսում քնած սառը գետնի վրա, կամ խրված ցեխի մեջ: Տան շեմքից ոտքը դուրս դնել և փողոցը գնալ նա