Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ կարող, որովհետև դուռը միշտ կողպված է լինում. բայց բակը նրա խաղերի համար բավական ընդարձակ ասպարեզ է, մանավանդ երբ զարդարած է լինում պարտեզը, որը գավառական քաղաքներում ընտանիքների միակ մխիթարությունն է:

Դեռ հինգ տարեկան հասակը չհասած, մայրը ստիպեցնում է նրան կատարել այս և այն տնային գործը, օգնել իրան: Ամեն մի անուշադրություն հանդիպում է ծանր ապտակների: Այդ հասակում նրան թույլ են տալիս գնալ մերձավոր հարևանի տունը, երբ պետք էր մի բան փոխ առնել: Իսկ երբ դառնում է նա տասն կամ տասներկու տարեկան, այնուհետև տան դռները փակվում են նրա առջև: Խիստ հազիվ անգամ մոր հետ նա ազգականների մոտ է գնում: Գյուղացի աղջիկն այդ դեպքում ավելի բախտավոր է. նա ապրում է ավելի արձակ աշխարհում. և շատ անգամ, թեև ոչ առանց հսկողության, գնում է այգին, պարտեզը, դաշտը, սարը և շատ բան սովորում է բնությունից: Բայց արհեստավորի աղջկա աշխարհայեցողությունն իր չափազանց նեղ շրջանի մեջ մնում է խիստ սահմանափակ և միակողմանի: Փակված տան չորս պատերի խուլ առանձնության մեջ, փակվում է և նրա մտավոր զարգացումը: Թեև մայրն աշխատում է նրան մի բան սովորեցնել, բայց բոլոր նրա դաստիարակությունը բարոյական բնավորություն ունի, կրթող, զարգացուցիչ նրա մեջ ոչինչ չկա: Աղջիկը միշտ լսում է միևնույն խրատները, թե պետք է խոնարհ լինի, հնազանդ լինի, սակավ խոսե, ամենևին չծիծաղե, տղամարդերի երեսին չնայե, պառավ կնիկների ձեռքը համբուրե և այլն: Նրա միտքը, սիրտը և հոգին ճնշում են հին նախապաշարմունքների ներքո, և խլում են նրանից ամեն մի ազատ, ինքնուրույն զարգացում: Նա դառնում է մտավորապես իդիոտ, բայց բարոյապես — հրեշտակ:

Աղջկանց դպրոցներ գավառական քաղաքներում չկան, կամ եղածները դեռ մատչելի չեն ժողովրդի աղքատ դասին։ Թողյալ այդ, ստոր դասը դեռ նայում է դպրոցին որպես մի անբարոյականացնող հիմնարկություն։ Այդ կարծիքը ստեղծել է ռամկի մտքում նույն ինքը դպրոցը։ Եվ եթե հաջողվում է արհեստավորի աղջկան դպրոց մտնել, ընտանիքի բռնակալությունը շարունակում է դպրոցը։ Վարժապետը և վարժուհին վարվում են նրա հետ նույնպես կոշտ-կոպիտ կերպով, և երբեմն ապտակներով, որպես տանը վարվում էր մայրը կամ հայրը։ Ծնողներից նա չտեսավ որևիցե զարգացնող և կատարելագործող օրինակ, իսկ չոր ու ցամաք ուսումը չէ տալիս սնունդ ոչ նրա մտքին և ոչ հոգուն։ Աղջիկը տարիներով երթևեկում