Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է դպրոցը կատարյալ տգիտության մեջ, և վնասակարն այն է, որ թերի և անկարող ուսումը, արգելք դնելով բնական զարգացմանը, շինում է նրանից բթամիտ։

Բայց մայրը, ինչ վարքի տեր և լիներ նա, դարձյալ աշխատում է աղջկա սանձը իր ձեռքում պահել։ Ոչինչ օրինակ այնքան կորստաբեր լինել կարող չէ, քան թե այն, որ մարդ խրատում է ուրիշին այն առաքինությունները, որ ինքը չէ կատարում։ Այստեղից առաջ է գալիս մոր և աղջկա մեջ հարաբերությունների մի կեղծ խարդավանք, որով մինը մյուսին խաբում է։ Բայց աղջիկն ավելի վարպետ է լինում։

Դպրոցից դուրս բերելեն հետո, աշխատում են աղջկան շուտով մարդու տալ։ Օժիտի քանակությունն առաջուց հրապարակվում է, թե քանի հազար է. նրա համեմատ որոնում են փեսա։ Մայրը սկսում է այնուհետև աղջկան ցույց տալ աշխարհին, այցելություններ են անում, տանում է նրան բալ, թատրոն, «կրուժոկ» և դրանց նման տեղեր։ Աղջիկը միշտ իրան նեղված է գտնում անկիրթ, անտաշ մոր մոտ, որ ամեն տեղ հետևում է նրան, որպես մի սև ստվեր, բայց թաքցնում է իր տհաճությունը։ Հայրն ամենևին չէ խառնվում գործի մեջ. նա իրան հեռու է պահում։ Դուք չեք տեսնի հարուստ հայրերից մեկին, որ իր աղջկա հետ ման գալիս լիներ փողոցում։ Այս դեպքում հայը պահպանել է իր ասիականությունն այլևս կնոջ վերաբերությամբ։

Ամուսնությունները լինում են ըստ մեծի մասին հավասարը հավասարի հետ (նյութական կարողության կողմից)։ Առաջ գերադասում էին աստիճանը, «մունդիրը», բայց հիմա աստիճանավորին բանի տեղ չեն դնում, եթե փող չունի կամ որևիցե բարձր դիրք բռնած չէ։ Մի ժամանակ էլ մոդայի մեջ մտան օտարազգի փեսաները, բայց հիմա նրանք էլ կորցրել են իրանց վարկը, որովհետև համարյա բոլոր ամուսնություններն օտարազգիների հետ անբախտ եղան։ Փեսան աղջկա բերած փողը կերավ և նրան քաղցած թողեց։ Ծնողները սկսեցին ափսոսալ ոչ թե աղջկան, որ մի անպիտանի ձեռքում մաշվում էր, այլ իրանց տված փողին։ Եվ այսպես, ամուսնության մեջ գլխավոր դերը խաղում է հաշիվը և ամուսնական կապը դառնում է փողը։ Ամենևին չեք տեսնի, որ մի աղջիկ, մի քանի տասն հազար օժիտով, պսակվեր մի գեղեցիկ և առողջ երիտասարդի հետ, որ միայն ուսում ուներ, բայց փող կամ պաշտոն չուներ։ Եվ ընդհակառակը, շատ կտեսնեք այնպիսի փեսաներ, որ ամուսին լինելու ընդունակությունը կորցրել էին, որ կյանքը սպառել էին