Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա չէ ստանում և աշխարհային կրթություն. նրան ոչ մի տեղ չեն տանում, օտարներին ցույց չեն տալիս և միշտ հեռու են պահում տղամարդի հասարակությունից։ Նա մնում է դանդաղկոտ, ամոթխած, երկչոտ և լի ամեն նախապաշարմունքներով։

Ծնողները տալիս են աղջկան իրանց ընտրած փեսային, և օժիտի սովորությունը շատ ծանր չլինելով, փեսա գտնելը միշտ հեշտ է լինում։ Եթե հայրը հարուստ էր, կամ ազդեցություն ունեցող մեկն էր, ամեն երիտասարդ ցանկանում է նրան փեսա դառնալ, կողմնակի կերպով նրանից օգուտ քաղելու համար։ Մեր մեջ վաղուց հարց է բարձրացել, թե աղջկան թույլ չեն տալիս ազատ կամքով իր ամուսնական վիճակը տնօրինելու։ Մի՞թե նա կամք ունի։ Նրան այն աստիճան միամիտ, անփորձ և կյանքի հետ անծանոթ են մեծացրել, որ եթե նրան իր կամքին թողնեին, առաջին պատահած շարլատանը կարող էր խաբել և անբախտացնել նրան։ Ծնողները գոնյա ճանաչում են աշխարհը և գիտեն նրա պահանջները, աշխատում են իրանց զավակին մի հուսալի և ապահով մարդու ձեռքը տալ։ Այնուհետև աղջիկը, որպես եղել էր իր հոր և մոր խոնարհ զավակը, այնպես էլ դառնում է իր տղամարդի հնազանդ և հլու ամուսինը։ Խիստ հազիվ դեպքեր առաջ են բերում անհամաձայնություն, և ամուսնական անհավատարմությունը նույնպես հազվագյուտ երևույթ է գավառներում։

Կին լինելուց հետո նա իսպառ կորցնում է իր ազատությունը։ Նրան պահում են փակված, տան չորս պատերի մեջ և ոչ ոքի ցույց չեն տալիս։ Նա իրավունք չունի բացի իր տղամարդից մի օտարի հետ ոչ տեսնվելու և ոչ խոսելու։ Նա տեսնվում է և խոսում է, այն ևս խիստ սակավ անգամ, միայն իր ամենամերձավոր ազգականների հետ, որպես են հայրը, մայրը, քույրը, եղբայրը և այլն։ Նա չէ խոսում և իր ամուսնի հոր, նրա եղբոր և նրա ազգականների հետ արական սեռից։ Բացի ընտանեկան նեղ շրջանից, արտաքին աշխարհում կինը տեղ չունի գավառների մեջ։ Թատրոն, բալ, «կրուժոկ» և մինչև անգամ ամենահասարակ զվարճության տեղեր չկան։ Հասարակաց այգիները տղամարդերի համար են։ Կինը զրկված է բոլոր արտաքին վայելչություններից։ Նա իրավունք չունի այլև իր ներքին շրջանի մեջ, ընտանեկան «օջախում» մի ուրախ օր անցկացնել։ «Վեչերներ» տալ չէ կարող։ Եվ եթե լինում են երբեմն հրավերներ, այն ևս ամենամերձավոր բարեկամների կնիկներն են կանչվում. ոչ մի տղամարդ նրանց «մեջլիսի» մեջ մասնակցել չէ կարող, և մինչև անգամ տանտիկնոջ ամուսին այրն այն օրն իր