Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունը չէ մտնում, երբ տանը կին հյուրեր կային։ Սակավ է պչրանքը, սակավ է զարդարանքը։ Փակված տան մեջ ո՞ւմը պետք է իրան ցույց տա կինը։ Եվ այդ հեռու է պահում նրան շռայլությունից։ Չկա դատարկաշրջիկ կյանք, որ սարսափելի կերպով տանում է կնոջը դեպի մոլորություն։ Նա ապրում է որպես մի ողորմելի միայնակյաց, և ճգնում է տնային լռության մեջ։ Խիստ հազիվ անգամ նա երկչոտ դեմքով լուսամուտից նայում է դեպի փողոցը, երբ պատահել էր մի օտարոտի աղմուկ։ Այս պայմանների մեջ, թեև գավառացի կինն իր նազելությամբ չէ քաղցրացնում տղամարդի սիրտը, թեև նա առհասարակ զուրկ է լինում այն հրապուրիչ հատկությունից, որ կոչվում է կանացիություն, բայց տնտեսության մեջ, իբրև անխոնջ տանտիկին, նա հրաշալի է։ Եվ այդքանն է պահանջում նրանից տղամարդը։

Պատահում են և օտարոտի երևույթներ։ Տեսնում ես մի վաճառական, որ եղել էր Թիֆլիսում, Մոսկվայում, կամ իր գործերով ընկել էր արտասահման։ Տեղային կնիկները նրա մեջ առաջ են բերում մի տեսակ ազատամտություն։ «Ինչո՞ւ իմ կինս էլ դրանց նման չպիտի լինի», մտածում է վաճառականը։ Նա կարծում է, թե բավական էր, որ կինն այնպես հագնվեր, որպես մի ֆրանսուհի, և իսկույն նրա նման կլիներ։ Ապսպրում է հագուստներ վերջին մոդայի ձևով և վերադառնում է տուն։ Կինը հագնելու եղանակն անգամ չգիտե. մարդը օգնում է նրան, որքան իրան հայտնի է։ Եվ հանկարծ «մոդնի կապիկը» սկսում է հայտնվել փողոցներում, մտնում է զանազան շրջանների մեջ։ Նա ինքը շատ գոհ չէ իր այլափոխությունից. նեղվում է, կարմրում է, քրտնում է, և կարծում է, թե ամբողջ աշխարհը ծիծաղում է իր վրա։ Բայց ի՞նչ անե. մարդը ցանկանում է, որ նա քաղաքակրթված կին լիներ։ Դա կատարյալ տանջանք է։ Ով որ տեսել էր մոդնի մագազիններում դրած «մանեկենը», որ գործ են ածում զգեստներ չափելու և փորձելու համար, կարող է մի ճիշտ նմանություն գտնել դրա և մեր գավառացի «մոդնի» տիկնոջ մեջ, որն այնքան է հասկանում իր նոր հանդերձի գործածությունը, որքան հասկանում է փայտից շինած «մանեկենը»: Ես նախապաշարմունքով չեմ նայում երևույթի վրա։ Ես սիրում եմ կնոջ «կրացիան», սիրում եմ նրա նազելությունը։ Բայց չեմ կարող չվրդովվել, երբ կնոջն անփորձ, անպատրաստ բաց են թողնում դեպի աշխարհ։ Այսպիսի կինն առաջին զոհն է դառնում կյանքի հանդուգն այլափոխության։ Ես կարող եմ մատներով համբարել շատ օրինակներ, բայց ի՞նչ հարկավոր է. կենցաղավարության