Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուր օրենքները սաստիկ պատժում են, երբ կինը նրանց դեմ զեղծումներ է գործում։ Մի մարդ, երբ երկար ժամանակ պահվել էր մութ սենյակում, երբ հանկարծ նրան դուրս են թողնում լույսի մեջ, նրա աչքերը լավ չեն տեսնում, շլանում են, և նա ընկնում է։ Նույնը պատահում է տան մեջ փակված կնոջ հետ։

Գավառներում աստիճանավորի կամ կառավարության պաշտոնյայի ընտանիքը բավական տարբերվում է հարուստ վաճառականի և կալվածատերի ընտանիքից։ Այստեղ աշխատում են կյանքին տալ, որքան կարելի է, եվրոպական ձև։ Ծառայող հայրը ինչ որ տեսել էր իր ռուս մեծավորի տանը, նույնը աշխատում է մտցնել և իր ընտանիքի մեջ։ Աղջկան, եթե հոր կարողությունը ներում է, ուղարկում են Թիֆլիս որևէ պանսիոնում սովորելու համար։ Նա վերադառնում է, իր հետ բերելով Թիֆլիսի մոլությունները։ Հայրը խոսում է նրա հետ ռուսերեն, իսկ մայրը ներողամտությամբ է նայում իր դստեր թեթևամտությունների վրա, կարծելով, թե «ուսյալ» օրիորդն այնպես պետք է լինի։ Բարեկամներիցս մեկը, որ ֆրանսերեն լեզվի վարժապետ էր, պատմում էր, թե ինքն առիթ ունեցավ ծանոթանալ մի օրիորդի հետ, որ բնակվում էր մի փոքրիկ գյուղաքաղաքում, որովհետև այնտեղից էր։ Օրիորդի հայրը տերության ծառայության մեջ այնքան վարպետ էր գտնվել, որ դիզել էր բավական փող, և կարողացել էր աղջկան Թիֆլիս ուղարկել, ուր նա ուսում էր ստացել։ Բարեկամս խոստովանվում էր, թե օրիորդը չէր սիրում նրան, բայց ուներ դեպի նա մի առանձին համակրություն այն պատճառով միայն, որ երիտասարդը խոսում էր ֆրանսերեն և երկար ժամանակ ապրել էր Փարիզում։ Նա հավատացնում էր, թե ինքը Փարիզի ամենացած «գրիզետկաների» մեջ չէ տեսել մի աղջիկ, որ նրա նման արձակ վարքի տեր լիներ։ Օրիորդն աշխատում էր ազատամիտ ձևանալ և հեռու ամեն նախապաշարմունքներից և իր ազատամտությունը ցույց էր տալիս նրանով, որ շատ անգամ ընդունում էր երիտասարդին իր քնարանում, և ինքը մահճակալի վրա պառկած, ոտները հենարանի վրա ցցած, խոսում էր նրա հետ Վոլթերի և Ռուսոյի վրա, որոնց մտքերի հետ ամենևին ծանոթ չէր։ Ահա այսպես փչացնելով աղջկան, գցում են գավառական համեստ քաղաքը։ Գալիս է ժամանակը, որ պետք է մարդու տալ։ Մի վաճառական տղա, թեև հարուստ, անարժան է համարվում «ուսյալ» և «կրթյալ» օրիորդին ամուսին լինելու։ (Խոսքը մեր մեջը մնա, վաճառականն ամենևին չէ էլ ցանկանա նրա ամուսին լինել)։ Տալիս են «մունդիր» ունեցող մարդու։ Որովհետև