Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսպիսիների թիվը շատ սակավ է, ուրեմն ընտրության մեջ խիստ չեն վարվում. գցում են առաջին պատահողի ձեռքը։ Կին լինելուց հետո «ուսյալը» շրջապատում է իրան քաղաքի ծառայողներով, ինչ ազգից և լինեին նրանք — հայ, թուրք, ռուս և այլն։ Բոլորը հավաքվում են նրա սալոնում և թուղթ են խաղում։ Ուրիշ զվարճություն չկա։ Եթե ամուսին այրը լավ խաղացող է, կամ գիտե վարպետությամբ կարտերը «շինել», լավ օգուտ է քաղում իր կնոջ «ֆիրմայից», ամեն գիշեր կողոպտելով իր հյուրերին։ Ես մի գիշեր առիթ եմ ունեցել գավառում պատահել մի այսպիսի ընտանիքում. ոչինչ շրջան այնքան զզվելի չէր կարող լինել, քան թե այն։ Ինձ վրա նայում էին որպես մի տխմարի վրա, որովհետև խաղալ չգիտեի։ Բայց դատարկ կյանքը շուտով ձանձրացնում է մեր «ուսյալին»։ Գավառական փոքրիկ քաղաքը խիստ նեղ է գտնում իր ասպարեզի և բավականությունների համար։ Այս պատճառով երբեմն գնում է Թիֆլիս իր հին բարեկամների և բարեկամուհիների հետ տեսնվելու համար։ Եվ ամեն անգամին ապսպրում է իր համար նոր զգեստներ, որովհետև իր քաղաքում դերձակը «մոդայի» հետ ծանոթ չէր։ Եվ ամեն անգամ վերադառնում է մի նոր շքով։

Բայց այսպիսիներին պետք է բացառություն համարել, որովհետև նրանց թիվը շատ փոքր է։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ իմ վերևում նկարած տիպը Թիֆլիսի պտուղ է, որտեղից կեղծ կրթությունը, որպես պղտոր աղբյուրից հոսում է դեպի գավառները։ Բայց առհասարակ գավառացի կինը չունի այն համարձակությունները։ Այստեղ կինը, որքան էլ հարուստ, որքան էլ բարձր տան հարսն լիներ, ապրում է փակված կյանքի մեջ, և շատ վախենում է բամբասանքից։ Մեծ քաղաքներում ոչ ոք ուշադրություն չէ դարձնում, թե ինչ է գործում նրա դրացին, բայց գավառական փոքրիկ քաղաքում կնոջ ամեն մի սխալ քայլը գրգռում է ընդհանուր հետաքրքրություն։ Նա իսկույն դառնում է մեղադրանքի առարկա, երբ նկատում են նրա մոտ որևիցե տարապայման վարմունք։ Նրանք կսկսեն մատով ցույց տալ, նրա մասին կշարադրեն զանազան պատմություններ, և պատահած ժամանակ, կհանդիմանեն տղամարդին, թե քո կինն անառակ է։ Այս պատճառով գավառացի կինը չէ համարձակվում ոտքը դուրս դնել ընդհանուր սովորությունից։ Շատ էլ ցանկանար, ո՞վ կթողներ։ Նկատված է, եթե տղամարդը, հետևելով մեծ քաղաքների օրինակին, կամենում է կնոջը փոքր-ինչ ազատություն տալ, նրան աշխարհ դուրս բերել, ընտանիքի մեջ ծագում է մի մեծ փոթորիկ,