Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե նրա մեջ կային դեռ պառավ մայր և ծերունի հայր։ Հին և նոր սերնդի կռիվը դեռ չէ վերջացել։ Եվ եթե գերեզմանը կծածկեր այդ հներին, նախապաշարմունքը և վաղեմի սովորությունը դարձյալ ընդ երկար կպահեին կնոջն իր կաշկանդյալ վիճակի մեջ։ Ես ճանաչում եմ շատ գավառացի վաճառականներ, որոնք գործով իրանց կնիկների հետ բնակվում են Թիֆլիսում։ Այստեղ նա ման է ածում իր կինը, տանում է զանազան զվարճության տեղեր, և տանը նրան չէ թաքցնում իր հյուրերից։ Բայց եթե միևնույն մարդուն իր բարեկամը կպատահի գավառում, նա կնոջն այլևս ցույց չի տա։ Ինչու եմ օրինակ բերում վաճառականին։ Բարձր ուսում ստացած երիտասարդը, որ նույնպես ուսյալ կին ուներ, գավառը վերադառնալիս, ենթարկվում է միևնույն ընտանեկան պայմաններին, եթե չէր ցանկանում հասարակաց բամբասանքի առարկա դառնալ։

Ընտանիքը և կյանքը դարերով մշակել են այնպիսի սովորություններ, որոնք երկաթի օրենքի զորություն են ստացել։ Հեշտ չէ միանգամով նրանց խորտակել։ Կնոջ դերը և տղամարդի դերը բոլորովին որոշված են։ Կինն իշխում է տան վրա, չորս պատերի մեջ, և միանգամայն անձնատուր է լինում իր զավակներին, սպասավորներին և խոհանոցին։ Տղամարդը գործում է դրսում։ Կնոջ և տղամարդի գործունեությունն այն աստիճան բաժանված են միմյանցից, որ առաջինն ամենևին չգիտե, թե ինչ է շինում իր ամուսինը դրսում։ Եվ այս պատճառով, նա ձգում է իրանից ամեն պատասխանատվություն տղամարդի գործերի հաջողության մասին։ Քանի տղամարդն աշխատում է, վաստակում է, բերում է, միասին վայելում են։ Իսկ երբ նա աղքատացավ, այնուհետև կինը լինում է նրա անբախտության անտրտունջ բաժանորդը։ Կնոջ և տղամարդի մեջ ընկերական կապ չկա։ Կա միայն կրոնի — ամուսնական կապ։ Որպես գործով բաժանված են նրանք միմյանցից, այնպես էլ բաժանված են և հասարակական կյանքով։ Ամուսին այրը, երբ պատահում է փողոցում իր կնոջը, երեսը շուռ է տալիս և անցնում է, կարծես չէ ճանաչում նրան։ Երբ կնոջ գործունեությունը սահմանափակվում է ընտանեկան «օջախի» շուրջը — ահա՜ այս է, որ նրան փոքրացնում է և շինում է բոլորովին կրավորական էակ։ Կինն այն ժամանակ միայն կմտներ իր մեծ դերի մեջ, և այն ժամանակ կդառնար քաղաքակրթող տարր, երբ կրոնի ամուսնական կապի հետ, նրա և տղամարդի մեջ կկազմվեր և ընկերական կապ, մինը մյուսին փոխադարձ համերաշխությամբ, կյանքի բոլոր