Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղից վարագույրով. կնիկները միայն նվագարանի ձայնն էին լսում, բայց ածողներին չէին տեսնում։ Դա կատարյալ մահմեդական սովորություն է։

Տարիների ընթացքի հետ, գավառական կինը, երբ հնանում է, երբ կորցնում է իր կանացիությունը, այն ժամանակ ստանում է մի տեսակ առնականություն, այն ժամանակ միայն մարդ է դառնում և խառնվում է մարդկային հասարակության մեջ։ Նրան այդ հասակում կարելի է տեսնել, նրա հետ կարելի է խոսել։ Նա այլևս կին չէ, այլ իրան կոչում է ամենի «մայրիկը»։ Եվ այսպես, կինն այն ժամանակ միայն մտնում է իր հասարակական դերի մեջ, երբ պառավում է, ասել է թե երբ կրկին երեխայանում է։ Կյանքի երկու ծայրերում — տղայության և ծերության հասակում — նա մատչելի է լինում. երկուսն էլ շատ նման են մեկմեկու։ Գավառացի կնոջ ծերությունը, ինչպես առհասարակ նահապետական ընտանիքների մեջ, պատվավոր է լինում։ Նրա ձեռքը համբուրվում է, և ամեն ոք դիմում է նրանից օրհնություն առնելու։ Որդիները լսում են նրա խրատները, իսկ հարսներն ավելի հպատակում են նրա հեղինակությանը։ Նրա մահն անկեղծ ցավ է պատճառում ազգականներին, իսկ թաղումը կատարվում է հանդեսով։

Ե

Վերջացնում եմ իմ հետազոտությունը մի քանի ընդհանուր նկատողություններով։ Ես սկսեցի գյուղացի կնոջից և ապա անցա դեպի քաղաքացի կինը, նկարեցի նրա տիպերը գավառներում ընդհանրապես, իսկ Թիֆլիսում մասնավորապես։ Զանց չարեցի նաև պատկերացնել կինը ժողովրդի յուրաքանչյուր դասակարգի մեջ առանձին կերպով։ Հիշյալ հետազոտության մեջ, եթե հայ կնոջ նմանեցնենք մի ծառի, նա այսպիսի կերպարանք կստանա — հողը արգավանդ է, ծառի արմատն առողջ է, բունը` նույնպես, բունից բաժանված ճղները դարձյալ պահպանել են իրանց թարմությունը, իսկ ծառի վերին մասի ոստերը — նրա բարձր կատարը սկսել է գոսանալ, տերևները դեղնել են և մասամբ թափվել են, այնտեղ կենդանությունը վերջացել է։ Դա մի հակաբնական երևույթ է։ Ծառի հիվանդությունը սկսվել է գլխից։ Եվ գուցե հատուկ է մեր ժողովրդին միայն, որպես արդարացնում է դրան հայկական առածը, թե «ձուկը գլխից կհոտի»։ Պարզ խոսենք։