Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կինը ժողովրդի ստոր դասի մեջ (որի ներկայացուցիչն է մեզանում գյուղացին) ցույց է տալիս կենդանություն. նա թեև ռամիկ է, տգետ է, նախապաշարմունքներով լի է, բայց ավելի աշխատասեր է, ավելի գործունյա է, և պահպանել է իր բարոյական մաքրությունը։ Դա ծառի արմատն է։ Կինը, ժողովրդի միջին դասում, փակվում է տան չորս պատերի մեջ, և իր գործունեությունը սահմանափակում է միայն տնային «օջախի» շուրջը. բարոյականությունը այստեղ ևս գտնվում է իր սրբության մեջ, բայց զարգացման մակերևույթը չէ բարձրանում։ Դա ծառի բունն է։ Կինը ժողովրդի բարձր դասի մեջ, գավառներում շատ չէ տարբերվում միջին դասից, և գրեթե միևնույն հատկություններն է կրում. բարոյականությունն այստեղ ևս պահպանվում է կնոջ բանտարկության մեջ։ Դա ծառի ճյուղն է։ Իսկ Թիֆլիսում, ժողովրդի բարձր դասակարգի մեջ, արդեն սկսվում է կնոջ բարոյական չքավորությունը։ Ապականությունը տիրում է այնտեղ, և կինը գտնվում է իր գոսացած դրության մեջ։ Դա ծառի կատարն է։

Նկատելի է և մի ուրիշ երևույթ։ Կինը, սկսյալ ժողովրդի ստոր դասակարգից, որքան աստիճանաբար բարձրանում է, որքան նա ծանոթանում է աշխարհի հետ և որքան նա մոտենում է գիտության լույսին, այնքան ավելի անպիտանանում է, և այնքան ավելի սեփականացնում է իրան այնպիսի հատկություններ, որ բարոյական չեն։ Թողյալ այդ, կինը ժողովրդի ստոր և միջին դասերի մեջ պահպանել է իր ցեղական առանձնությունները, հավատարիմ է մնացել իր ազգային անհատականությանը, խոսում է մայրենի լեզվով, հարգում է վաղեմի ավանդությունները, ավելի մոտ է և եկեղեցուն, և չէ հեռացել այն սովորություններից, որով ապրել են նրա մայրերը։ Որի ընդհակառակն, կինը բարձր դասի մեջ (բացի գավառներից) արդեն սկսել է օտարանալ, չէ խոսում մայրենի լեզվով, հեռանում է եկեղեցուց, և զզվանքով է նայում ազգային ավանդությունների վրա։ Այսպիսի տխուր երևույթները տեսնելուց հետո ի՞նչ ասենք. արդյոք կրթությունը վնասակա՞ր էր, թե կինն իր մեջ հիմք, ամրություն չուներ, և կրթության լույսը ու ջերմությունը նրան մոտեցրածին պես, նա լուծվեցավ, իո բաղադրությունը փոխեց։ Ոչ այն և ոչ այս, կասեմ ես. պատճառները պետք է ուրիշ բանի մեջ որոնել...

Դրությունը բոլորովին հուսահատական չէ։ Կանացի ամբոխը պահպանել է իր անարատությունը, իր կատարյալ մաքրության