Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ. դա, թեև անմշակ, բայց չափազանց արգավանդ հող է, որ հմուտ երկրագործի ձեռքում կարող է հրաշալի պտուղներ ընծայել։ Փույթ չէ, եթե ամբոխի մակերևույթից բարձրացած առանձին մասերը ցույց են տալիս մի քանի փտության նշաններ-դրանք կամ ժամանակով կփոխվեն դեպի լավը, և կամ կտրվելով կհեռանան մարմնի ամբողջությունից... Բայց միևնույն ժամանակ ցավալի է տեսնել, որ ժողովրդի բարձր դասի մեջ, ուր կինը թե իր գիբքով և թե կրթությամբ նշանավոր տեղ էր բռնում, փոխանակ բարոյապես ներգործելու իրանից ցած աստիճանների վրա դրված իր սեռակից քույրերի վրա - նա ինքը դառնում է վատ օրինակ, նա ինքը տարածում է շռայլություն և բարքերի ապականություն։

Այլևս որտե՞ղ է մնում կնոջ բարձր, քաղաքակրթիչ նշանակությունը, ո՞ւր է նրա կենսագործող հեղինակությունը ոչ միայն ընտանեկան նեղ շրջանում, այլև ժամանակակից հասարակության վրա։ Իմ կարծիքով հայ կինն այդ աստիճանին հասնել չէ կարող, քանի որ նա փակված կմնա տան պատերի մեջ։ Մինչև այսօր, երբ կինն ասիական կյանքով էր ապրում, երբ հայր մահմեդականի հպատակ էր, մասամբ նպատակահարմար էր նրան արգելված պահել։ Իսկ այժմ կյանքի պայմանները փոխվել են. պետք է բաց անել կանանոցի դռները։ Մինչև այսօր կնոջ կրքերը զսպվում էին, նրա բարոյականությունը պահպանվում էր փակ կյանքի մեջ մի կողմից, տգիտության մեջ` մյուս կողմից։ Կարո՞ղ է արդյոք միշտ շարունակվել այդ դրությունը։ Այժմ պահպանել կնոջ բարոյականությունը կանանոցի բանտարկության մեջ նույնն է, որպես զսպել մի գազանի վայրենությունը երկաթի վանդակի մեջ։ Դուրս հանեցեք նրան վանդակից, իսկույն գործ կդնե իր չարությունը։ Եվ իմ հետազոտության մեջ շատ անգամ ցույց տվեցի, որ կինը հենց որ իր բանտարկված վիճակից ազատվում է, ընկնում է զանազան ախտերի մեջ։ Ուրեմն ի՞նչ պետք է անել, երբ թե կանանոցը և թե դրսի աշխարհը միօրինակ վատ են ներգործում նրա վրա - մեկը բթամտացնում է, խլում է նրանից ամեն հոգեկան զորություն, իսկ մյուսը անբարոյական է դարձնում։ Այդ հարցին ես շատ անգամ եմ պատասխանել իր տեղում, իմ հետազոտության մեջ, թե պետք է նախ քան կնոջն աշխարհ դուրս հանելը, նրան նախապատրաստել աշխարհի համար, և դրա մեջ պետք է լինի կնոջ կրթության բուն խորհուրդը։ Գուցե կնկատեն, թե կինն աշխարհի համար պատրաստվում է, նրան ուսումնասիրում է, հենց աշխարհի մեջ