Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես կպատասխանեմ, այն ժամանակ նա պետք է անցկացնե ապականության մի պերիոդ և ինքն անց կենա զանազան ախտերի միջից, մինչև փորձվի, մինչև խելքը գլուխը գա… Կնոջ ազատություն, կնոջ անկախություն (эманципация), կնոջ հավասարություն, դրանք շատ գեղեցիկ բառեր են, բայց դեռ լուսավոր ազգերի մեջ ևս կենսական անվճիռ հարցերի կարգումն են գտնվում։

Իմ հոդվածի նպատակից դուրս լինելով խոսել հիշյալ խնդրի վրա, կրկին դառնում եմ դեպի հայ կինը։ Գուցե ընթերցողը նկատեց, որ հայ կինը ոչ մի դասակարգի մեջ չէ հայտնվում որպես հասարակական գործիչ, որպես ազդող տարր, և որպես քաղաքակրթության ղեկավար։ Նրա շրջանը ներկայացնում է դատարկ կյանքի ամենատգեղ և ամենավատ օրինակները։ Դեռևս նրա սալոնը չէ հանդիսացնում մի կենտրոն, ուր հավաքվելով հասարակական գործիչ ուժերը, կինն իր խելքով և քաղցրությամբ ոգևորեր նրանց, ներշնչելով նրանց մեջ եռանդ և վստահություն։ Ես ճանաչում եմ երկու կանայք միայն Թիֆլիսում, որոնց սալոնները ծառայում էին որպես կենտրոն երիտասարդության։ Մեկը վախճանված է (թո՜ղ օրհնյալ լինի նրա հիշատակը), իսկ մյուսը դեռ կենդանի է։ Առաջինը կարելի է համարել որպես ջերմ խնամակալուհի մի ուսուցչական խմբի, որոնց ջանքով կենդանացրուց մի օրիորդական դպրոց։ Այդ առաջին օրինակն էր, որ կինը հանդես դուրս եկավ իբրև պաշտպան կրթության գործի։ Իսկ երկրորդը, որ ինքը պարապել էր գրականությամբ, որ գիտեր զանազան լեզուներ, աշխատում էր լինել միջին կապ մեր մանուկ ինտելիգենցիայի ցրված ուժերի մեջ։ Բայց ցավալի է ասել, որ երիտասարդությունն այն աստիճան անպատրաստ գտնվեցավ, որ հարգելի տիկնոջ սալոնը շուտով փակվեցավ նրանց առջև։

Մեր զարգացած կանայք կարող են ունենալ միայն գրականական սալոններ, բայց մեր գրականությամբ պարապվող երիտասարդությունը դեռևս այն աստիճան անկիրթ է, որ հազիվ թե իր պատիվը հասկացող մի տիկին կցանկանար նրանց առջև բաց անել իր դռները։ Կնոջ սալոնի ազդեցությունը գործող երիտասարդության վրա հազարավոր օրինակներով ապացուցված է լուսավոր ազգերի մեջ։ Այնտեղ ոչ միայն ոգևորվում է բանաստեղծը, ոչ միայն կրթվում է վիպասանի ճաշակը, և ոչ միայն պարզվում են պուբլիցիստի հայացքները, այլ այնտեղից ոգի են առնում երևելի