Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգղիերեն, գերմաներեն, որպեսզի ուղղակի Եվրոպայի երևելի վաճաոականական քաղաքների հետ, որպիսին են Մարսել, Մանչեստր, Լեպցիխ — հարաբերություններ ունենալ։

Կովկասը հարուստ է հում բերքերով։ Կովկասի մետաքսը, բուրդը, բամբակը, կաշին, ընկուզենու տակռին, չոր մրգեղենները, գինին, և այլ զանազան բերքերը, կարող են վաճառականության առատ մթերք դառնալ։ Դորանց օրինավոր կերպով արդյունաբերելու համար պետք է թողուլ նահապետական հին ձևերը և սովորել գյուղատնտեսական արհեստը։ Որպեսզի փոխադրելով մեր երկրի հում բերքերը դեպի արտասահման, այնտեղից ներս բերեին պատրաստի, արվեստագործված ապրանքներ։

Գյուղատնտեսությունը պահանջում է հող, զանազան մեքենաներ, գործիքներ, ուրեմն արծաթի անհրաժեշտ հարկավորություն։ Մեր դրամատերները մի չար բախտով անձնատուր եղած կապալներին, ուշադրություն չեն դարձնում այդ արհեստի վերա, նոքա չեն ցանկանում հողի և բնության հետ գործ ունենալ, որ միակ աղբյուրն է մարդկային հարստության։

Իսկ վաճառական դասի մեծ մասը յուրյանց առևտրական գործունեության շրջանը դարձնում են մասնավոր գումարներով։ Այստեղ դեր է խաղում վարկը, համարումը (доверия): Մի փոքրիկ անհաջողություն, մի քանի չար լեզուների բամբասանքը, մի րոպեում կարող են ոչնչացնել և՛ վարկը, և՛ համարումը։ Այդ պատճառավ սնանկությունը սովորական դեպք է մեր վաճառականների մեջ։

Վաճառականության գործունեության շրջանը դարձնել միայն դատարկ վարկով և համարումով, դա կլինի ժամանակավոր և անհիմն:

Վաճառականի գործունեությունը պիտի հիմնվի կենդանի կապիտալի վերա: Մի այդպիսի կապիտալի գումարը պիտի նշանավոր քանակություն ունենա։ Ուրեմն այստեղ ևս բարձրանում է ընկերության անհրաժեշտ կարևորությունը։

Ընկերությունների գլխավոր օգուտներից մինն էլ այն կլինի, որ մեր վաճառականները կդադարեն մենավաճառության ինտրիգաներով մինը մյուսին վնասել, յուրյանը արհեստակիցներին ստորացնել, որ դուրս ցցվի յուրյանց անձնական Եսը։

Ընկերության մեջ վաստակը և օգուտը կլինի ընդհանուր։ Եվ նոքա ընդհանուր ուժով կկարողանան եվրոպացիների հետ մրցություն անել։