Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխում են նրա վրա: Նա սովորում է չար բան չգործել, ոչ թե նրա համար, որ իբրև մարդ, և իբրև մարդկային ընկերության անդամ պարտավոր էր բարի լինել, այլ վախենում է իշխանությունից` երկնքի և աշխարհի իշխանությունից, վախենում է այն տանջանքներից, որ սպառնում են այդ երկու իշխանությունները, և վախենում է զրկվել այն խոստումներից, որ արել էին նրան:

Դաստիարակության այդ բթացնող սպանիչ եղանակն այն հետևանքն է ունենում, որ ոչ միայն խլում է մանուկից նրա ինքնուրույն, ազատ զարգացումը, և ոչ միայն բարոյապես մեռցնում է նրան, այլ նա իր ամբողջ կյանքում մնում է երկչոտ, թուլասիրտ, խոնարհվող և գլուխը ծռող ամեն մի զորության առջև: Նա դառնում է մի բարոյական մեքենա, որ բարի է նրա համար միայն, որ վախենում է չպատժվել չար լինելուց: Իսկ երբ այդ վախը, այդ երկյուղն անհետանում են նրա սրտից, էլ ոչինչ չէ մնում նրան օրինավորության մեջ պահելու համար և նա դառնում է ամենասարսափելի անբարոյական:

Ինչ որ ավելի ցավալին է, դա է գյուղական մանուկների սաստիկ մահացությունը: Թեև այդ մասին չունենք վիճակագրական տեղեկություններ, բայց կարելի է ասել, որ նրանց մեծ մասը մեռնում են մոտավորապես դեռ հինգ տարեկանին չհասած, այնուհետև, որպես ինքը գյուղացին ասում է` «երեխան շապիկը պատռում է», այսինքն` աճում է, մեծանում է, և կարող է դիմանալ կյանքի խիստ պայմաններին: Երեխաների բազմաթիվ մահացության գլխավոր պատճառը պետք է որոնել նրանց վատ պահպանության մեջ: Մեր գյուղացիներն ավելի հոգ են տանում իրանց փոքրիկ անասուններին, քան թե որդիներին: Անասունների վիճակն իրանցից կախում ունի, բայց որդիների հոգսը թողնում են աստուծո վրա: Որպեսզի կարողանամ մի փոքրիկ գաղափար տալ, թե որպիսի շրջանի և պայմանների մեջ է սկսվում մանուկի կյանքը, հարկավոր եմ համարում մի քանի մանրամասնությունների մեջ մտնել: Երևակայեցեք ձեզ մի խոնավ և գետնափոր խրճիթ, առանց օդի և առանց լույսի, որ ինքնըստինքյան սպանիչ ազդեցություն ունի երեխայի դեռ տկար կազմվածքի վրա, որը տակավին չէր սորված կեցության վնասակար խստություններին: Մահճակալ կոչված կարասին բոլորովին անծանոթ բան է այս խրճիթներում. մի տախտակի կտոր անգամ չեք տեսնի, որ ձգած լիներ հատակի վրա. երեխան պառկում է սառն, խոնավ և մերկ գետնի վրա, փաթաթված ցնցոտիների մեջ: Չսորված մարդը կարող էր