Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հատուկ է նրա հասակին, նա միշտ տխուր է, և միշտ, կարծես, մի բանի վրա մտածում է։ Դանդաղկոտությունը տիրում է նրա ամբողջ գոյության վրա. նրա քայլերի, նրա ամեն մի շարժվածքի մեջ չէ նկատվում ոչ մի համարձակություն, և նա զուրկ է մնում այն սատանայական ճարպիկ չարաճճիությունից, որ տալիս է մանուկի բնավորությանն ավելի կենդանություն։

Ոչինչ այնպես չեն արգելում երեխային, որպես խաղը, մինչև անգամ ամենահամեստ խաղը։ Խաղամոլ երեխան ոչ սակավ անգամ պատժվում է իր անմեղ զվարճությունների համար։ Բայց մանկական բնավորությունը երբեմն ելք է գտնում խոտորվելու ծնողների խստությունից և իր պարապ ժամերը նվիրելու զանազան խաղերի։ Ես մեջ կբերեմ մի քանի տեսակ խաղերի նկարագիրը, ցույց տալու համար, թե այդ խաղերը նոր հնարված չեն, այլ մնացել են հայերի հոյակապ անցյալից, երբ մեր նախնիքն մի առանձին հոգ էին տանում իրանց զավակներին կրթելու մարմնամարզական վարժությունների մեջ։ Մուշտեկռիվն այն պատմական խաղերից մեկն է , երբ զենքերը տակավին կատարելագործված չէին, և մարդը ստիպված էր իր զորավոր բազուկները կրթելու, որ հարկադրված ժամանակում գործ դներ իր թշնամու դեմ։ Երեխաները երկու խմբերի բաժանված, հարձակվում են միմյանց դեմ, և մուշտիների (բռունցքների) հարվածներով աշխատում են հետ մղել հակառակորդին, և երբ մի խումբը նահանջում էր մյուսին իր բռնած դիրքից, հաղթությունը տարած էր համարում։

Գոտելախտին նույն պատերազմական բնավորությունն ունի, որպես մուշտեկռիվը, այն զանազանությամբ միայն, որ մանուկները մուշտիների փոխարեն գործ են դնում իրանց գոտիներից ոլորած լախտերը։

Արթուրման (ոստնուլ) և վազը (վազ տալը) այն մարզությունների տեսակներիցն են, որոնց մեջ մի ժամանակ վարժվում էին և սպարտացոց մանուկները։ Արթուրման կատարվում է թռչելով մի որոշյալ բարձրության վրայից. մանուկներից մեկը կռացած դիրք է ընդունում և բոլոր մնացածները նրա վրայից թռչում են. հետո բարձրությունը փոքր առ փոքր ավելանում է, այսինքն` կռացած մանուկը հետզհետե ուղիղ դիրք բռնելով, վերջը բոլորովին կանգնած ձև է տալիս իրան. այն ժամանակ թռչում են նրա գլխի վրայից։ Բայց խաղի գլխավոր պայմանը նրա մեջն է, որ թռչելու միջոցին թռչողը չպիտի դիպչի այն առարկային, որի վրայից թռչում է։

Վազը կամ վազ տալն այն ձևով, որ կատարվում է մեր մանուկների