Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆանտազիայի ծնունդ, բովանդակում են իրանց մեջ սեր և հրաշալի արկածներ։ Նա միանգամ սկսած վեպը հազիվ կարողանում է վերջացնել մի քանի գիշերվա մեջ։ Գյուղացի մանուկները գտնում են աշղի վեպերի մեջ այն կենսատու աղբյուրը, որ կազդուրում է նրանց ոգին, ազնվացնում է սիրտը, և վառում է նրանց զգացմունքները մի սրբազան ջերմությամբ։ Գյուղացի մանուկն այնքան անգամ լսել է աշղի վեպերը, որ մեծ մասն ինքն էլ գիտե։ Նա գիտե արկածախնդիր Քյորօղլիի արշավանքները, գիտե Քարամի և Ասլիի սիրահարությունները, Աշղ Ղարիբի և Շահսանամի վառված սերը, Լեյլիի և Մաջնումի անձնազոհությունները. Շահ Սմայիլի քաջագործությունները, Ֆարհադի անբախտ սերը — հարյուրավոր այսպիսի րոմաններ գիտե նա։ Այժմյան աշղների երգերը մի բերանացի հավաքածու են իրանցից առաջ եղած երգիչների, և ամեն մի երգ կրում է իր վերջում հեղինակի անունը և այս պատճառով ամեն մի երգ զանազանվում է իր բնավորությամբ. մի մասը քնարերգություն (լիրիկա) է, մի մասը փիլիսոփայական և ըստ մեծի մասին միստիքական հայեցվածներ է բովանդակում, մի մասը խրատական կամ բարոյագիտական բնավորություն ունի, իսկ պարսավաբանական, հեգնական, ծաղրական երգերը կրում են իրանց մեջ թեև կոշտ, բայց խիստ կենդանի սրամտություններ, թե որպես կծել և կատակել գիտե արևելքցին։ Այս բոլորն ազդում են մանուկների սրտի վրա և թողնում են նրանց մեջ անջնջելի տպավորություններ։ Աշղն ավելի մեծ պաշտոն է կատարում ժողովրդի ստոր դասի կրթության, մտավոր և բարոյական ուղղության մեջ, քան թե տերտերը, որի չոր ու ցամաք քարոզները միայն սառցնում են, քարացնում են սրտերը։

Զարմանալի է, թե ո՛րպիսի եռանդով մեր գյուղացիներն աշխատում են, որ իրանց զավակներն ուսում ստանային։ Մի անբացատրելի զորություն մղում է նրանց դեպի այդ ցանկությունը։ Մեզ մոտ գյուղ չեք գտնի, որ եկեղեցուն կից մի փոքրիկ դպրոց չունենար, և ուր որ այդ չկար, մանուկները հավաքվում են գյուղի քահանայի կամ տիրացուի մոտ։ Տարվա երեք եղանակներում — գարունը, ամառը և աշունը — մանուկները զբաղված են լինում գյուղատնտեսական գործերով, և ժամանակ չեն գտնում դպրոց գնալու, իսկ ձմեռը նրանք ավելի ազատ են տնտեսական հոգսերից և սկսում են սովորել։ Բայց կան այնպիսի գյուղեր, որոնց թիվը սակավ չէ, որ ունեն կանոնավոր դպրոցներ, որոնց մեջ մանուկները սովորում են ամբողջ տարին, բացի ամառվա երկու տաք ամիսներից։