Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր գյուղացիները, մանավանդ վերջին տասն տարվա ընթացքում, այն աստիճան հասկացել են ուսման կարևորությունը, որ ամեն զոհաբերություն հանձն են առնում, որ որքան կարելի է, իրանց դպրոցները կանոնավոր վիճակի մեջ դնեին։ Շատերը, որոնց նյութական դրությունը ներում է, չեն բավականանում գյուղական դպրոցներով և ուղարկում են իրանց զավակներին մերձավոր քաղաքները, կամ Թիֆլիս, Մոսկվա, Ս. Պետերբուրգ և մինչև անգամ արտասահման, բարձր, համալսարանական կրթություն ստանալու։ Եվ մեր գյուղացիներից կարելի է տեսնել բազմաթիվ բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ, գիտության ամեն մեկ ճյուղի մեջ ավարտածներ, և մինչև անգամ պրոֆեսորներ և բարձրաստիճան եկեղեցականներ։ Առհասարակ խոսելով, պետք է ասած, որ մեր գյուղացին բոլորովին ազատ է այն նախապաշարմունքից, թե որդին պետք է լինի հոր կյանքի շարունակությունը, և բնավ չպիտի շեղվեր այն ճանապարհից, որով ապրել էին նրա պապերը։ Նա, կարծես, բնազդումով զգում է իր վիճակի դաժանությունը և ցանկանում է որդու համար մի ավելի լավ վիճակ։ Այդ վիճակը նրա կարծիքով կարելի է գտնել միմիայն ուսման և կրթության մեջ։ Վերջին աղքատն անգամ այսպես է մտածում։ Ինձ շատ է պատահել, երբ ցանկացել եմ գյուղացի մանուկներից սպասավոր վարձել, տեսնում ես, մի հեռու և անհայտ գյուղից հայրը բերում է իր որդին, երբ հարցնում ես, թե ո՞րքան պետք է վճարել, նա պատասխանում է. «աղա, ոչինչ չեմ ուզում, թող ձրի ծառայե, միայն դուք սովորեցրեք որդուս գրել և կարդալ»։

Խոսելով առհասարակ գյուղական մանուկների կրթության վրա, ես ստիպված եմ փոքր-ինչ շեղվել իմ հետազոտության նպատակից և ցույց տալ, թե ինչ են դուրս բերում մանուկները գյուղական բազմաթիվ դպրոցներից։ Եթե ընդունում ենք, թե ուսումը և կրթությունը պետք է համապատասխանե յուրաքանչյուր դասի իրական պահանջներին, և պետք է լրացնե այն, ինչ որ պակաս է նրան — այս կետից նայելով, մեր գյուղական դպրոցները բոլորովին ապարդյուն և մինչև անգամ վնասակար կգտնենք։ Գյուղացին գործ ունի հողի և անասունների հետ։ Արդյոք դպրոցը տալի՞ս է նրա որդուն փոքր-ինչ տեղեկություն, թե՜ որպես պետք էր խնամել անասուններին, որ նրանք աճեին, բազմանային և ազնվացնեին իրանց ցեղը։ Արդյոք դպրոցը ծանոթացնո՞ւմ է նրա որդուն հողի որպիսության հետ և բույսերի լավ մշակելու պայմանների հետ։ Դրանցից ոչ մեկը չէ անում դպրոցը։ Նա սովորեցնում է մանուկներին գրել, կարդալ,