Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա աճելությունը։ Մանուկը քաղաքում սովորելով որևիցե արհեստ, կամ վաճառականություն, և կամ ուսումնական դառնալով, այլևս սովորելով քաղաքի կյանքին և հեշտություններին, այլևս չի վերադառնում իր հայրենական տունը, որովհետև իր արհեստը, իր գիտությունը գյուղում գործադրություն չեն գտնում։ Նա բնակություն է հաստատում քաղաքում, այնտեղ ամուսնանում է, և այնտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը։ Երբեմն միայն գնում է տեսնելու իր ծնողներին և ազգականներին, և եթե իր դրությունը ներում էր, ծնողներին, քույրերին, եղբայրներին իր մոտ է բերել տալիս, և այսպես գյուղական հասարակությունը զրկվում է մի ծուխից։ Բայց որքան այդպիսի ծուխեր են մարում ամեն տարի։

Գյուղական մանկտու սաստիկ հոսանքը դեպի քաղաքները, թեև, որպես հիշեցի, մի կողմից զրկում է գյուղացուն իր թարմ ուժերից, բայց մյուս կողմից մտցնում է գյուղերի մեջ նոր կյանք, նոր քաղաքակրթված տարր։ Քիչ չէ պատահում, այն երիտասարդները, որոնք քաղաքներում զարգացել էին, աչքները բացվել էին, և հասկացել էին կյանքի նպատակը ու պահանջները, կրկին վերադառնում են գյուղը, հորդորում են իրանց հայրենակիցներին կրթության գործի մեջ, դպրոցներ հիմնել տալով, և նրանց հասարակական կյանքի և տնտեսության մեջ նոր ձևեր, նոր բարվոքումներ մտցնելով։ Օրինակներ շատ են եղել, որ մի գյուղացի պատանի, մանկության հասակում քաղաքը գնալով, այնտեղ մնալով և հարստանալով, դարձյալ չէ մոռացել իր ծնված տեղը, և հայրենասիրական զգացմունքից դրդված, կամ բոլորովին իր ծախսով, կամ օժանդակություններ հավաքելով, հիմնել է իր հայրենի գյուղում մի դպրոց, և կամ օգնել է իր հայրենակիցներին այս և այն տնտեսական գործի մեջ։ Այսպիսով գյուղացիները դուրս են գալիս իրանց անշարժությունից և իրանցից բաժանված ուժերն առաջնորդում են նրանց դեպի առաջադիմություն։

Գյուղացի մանկտին չափազանց առաձգական և դյուրաթեք բնավորություն ունի. նա շատ չէ ենթարկվում պապերից մնացած ավանդական սովորություններին ոչ միայն կյանքի մեջ, բայց և պարապմունքների մեջ։ Նրա մոտ չէ կարելի տեսնել այն քաստայական ջոկությունը, որ պահում է գյուղացուն իր անփոփոխ, անշարժ և քարացած միակերպության մեջ։ Բավական էր մի օրինակ, բավական էր, որ հանգամանքները նպաստեին նրան, նա արդեն փոխում է իր կացության ձևերը։ Այս է պատճառը, որ մենք չունենք գյուղական ազգաբնակություն իր նեղ նշանակությամբ վեր առած։