Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսնում ես, նա պարապում է հողի մշակությամբ, այգեպանությամբ, անասնապահությամբ և այլն, իսկ միևնույն ժամանակ վաճառականություն է անում, մտնում է արքունական կապալների մեջ, և հենց որ փողի տեր դարձավ, էլ չես ճանաչի երեկվա կոշտ, գռեհիկ գյուղացուն, նա ոտքից գլուխ փոխվում է, և ցույց է տալիս բոլոր ձևերը փոքր ի շատե կրթված քաղաքացու։ Ես կբերեմ մի համեմատություն։ Վեր առնենք օրինակի համար ռուս մուժիկին, նա որքան էլ հարստանա, մինչև անգամ միլիոնի տեր դառնա, դարձյալ կմնա նույն մուժիկը, դարձյալ կտեսնես նրան ահագին մորուքով, ուղիղ կտրած երկայն մազերով, կարմիր չթեղեն շապիկով, մինչև ծնկները վեր քաշած կոպիտ կոշիկներով, և ուսերի վրա ձգած տուլուփով. թե քաղաքում և թե գյուղում նա միևնույն հագուստն է կրում, միևնույն ռամկական լեզվով է խոսում, և միևնույն կերպով թեքվում է, մինչև գետին խոնարհվում է և գլուխ է տալիս, երբ գործ ուներ մի դեղին կոճակավոր մունդիրի հետ։ Հարստությունը և միջոցները չեն փոխում նրան. բնակվում է սովորական խրճիթի մեջ, ուտում է իր «ըշչին» փայտե ամանի մեջ, փայտե գդալով, խմում է արաղ և «կըվաս», հաստացնում է փորը, օրըստօրե բթանում է, հիմարանում է։ Բայց մեր նորահաս գյուղացին այսպես չէ։ Նյութական միջոցների համեմատ նա փոխում է և ապրուստի ու կացության ձևերը։ Ես տեսել եմ գյուղացի երիտասարդներ ցիլինդրով, գունավոր նուրբ ձեռնոցներով, օսլայած սպիտակ շապիկներով, հագնված որպես մի փարիզյան ֆրանտ, մատին դրած ունի բրիլիանտ մատանի, ոսկի ժամացույցով, խոսում է զանազան լեզուներով, լրագրեր է կարդում, եղել է եվրոպական զանազան քաղաքներում, դատում է պոլիտիկայի վրա, բնակվում է ճաշակով կահավորված տան մեջ, որի լուսամուտները զարդարած են գույնզգույն ծաղիկների թաղարներով։ Իհարկե, բացառությունը մեծ է, մանավանդ այն գյուղերի վերաբերությամբ, որ հեռու են քաղաքներից և մեծ ճանապարհներից, որ ընկած են խուլ անտառների, անմատչելի լեռների և անհայտ ձորերի մեջ։

Անցնում եմ դեպի այն երիտասարդությունը, որ գյուղից դուրս չէ եկել, քաղաք չէ տեսել, որ դեռ պահպանել է իր պապերի ընտանեկան և ավանդական հատկանիշները։

Բարոյականությունը մանուկ սերնդի մեջ պահպանելու համար գյուղացի ծնողներն աշխատում են շուտով ամուսնացնել իրանց որդիներին։ 15-16 տարեկան հասակում նրանք արդեն կնոջ տեր են, իսկ դեռ քսան տարեկան չեղած, զավակներ ունեն։ Սովորած լինելով