Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն պետքերի մեջ ընդունել ծնողների հաճությունը, և՛ կնոջ ընտրության մեջ պատանին խոնարհվում է նրանց կամքին: Նա իր սրտից չէ հարցնում` արդյոք սիրո՞ւմ է աղջկան թե ոչ, և կամա-ակամա հաշտվում է անհրաժեշտության հետ: Եվ ի՞նչով կարող էր նա հասկանալ կնոջ լավ կամ վատ հատկությունները, քանի որ նա երբեք կնոջ հասարակության մեջ չէր գտնվել, չէր փորձել, և չգիտեր, թե ինչպես է լինում կնոջ սերը: Պսակեցին նրան մի աղջկա հետ, լավ թե վատ, միևնույն է նրա համար — այս է, որ կա — մտածում է նա, նրանով գոհանում է և նրա մեջ գտնում է իր բավականությունները: Եթե հայրը գնել էր մի նոր եզ, որդին շուտով կարող էր հասկանալ, թե որքան այդ անասունը կարող էր հարմարվել գործին, որովհետև շատ այդպիսիները փորձել էր նա, բայց կնոջ հետ գործ չէր ունեցել, կինը նրա համար մի անծանոթ առարկա էր:

Կինն առհասարակ խիստ աննշան դեր է խաղում գյուղական երիտասարդության վիճակի մեջ: Նա ապրում է փակված տան չորս պատերի մեջ և պահպանվում է սաստիկ հսկողության ներքո: Եվ եթե պատահում է, որ նա տնից դուրս է գալիս, հարևանի տղան իրավունք չունի մոտենալ նրան կամ խոսել նրա հետ: Եվ ի՞նչ հաճություն կարող էր գտնել երիտասարդությունը կանանց հասարակության մեջ, երբ նրանցից կտրված էր, և երբ ամբողջ գյուղի մեջ չէր կարելի գտնել մի կամ երկու կին, որ թեթև վարքի տեր լինեին: Ես ականատես եմ եղել մի ծիծաղելի հանդեսի, թե որպիսի խայտառակությամբ գյուղական հասարակությունից արտաքսում էին մի կնոջ: Նրան նստեցրել էին էշի վրա դեպի հակառակ կողմը, այսինքն երեսը դարձրած դեպի գավակը, և նոխտայի (երասանակ) փոխարեն ձեռքումը բռնել էին տվել էշի ագին: Կնոջ գլուխը բոլորովին բաց էր և առանց ծածկոցի, ծամերը սափրել էին, իսկ երեսը սևացրած էր մուրով: Մի մարդ քաշում էր էշի նոխտան, իսկ երկու մարդիկ առջևն ընկած, մեկը թմբուկ էր ածում, իսկ մյուսը` զուռնա: Բազմությունն աղաղակներով և կատակներով ճանապարհ էր դնում ողորմելի հանցավորին դեպի գյուղից դուրս:

Պետք է նկատել, որ բարոյականությունը պահպանելու համար գործ դրված այսպիսի խիստ միջոցներն այժմ օրըստօրե թուլանալու վրա են: Բարքերի ապականությունը, որպես ժանտախտ, սկսել է վարակել գյուղական մաքուր պահված ժողովուրդը: Այս ախտից զերծ մնացել են այն գյուղերը միայն, որոնք առանձնացած են և քաղաքների հետ հաղորդակցություն չունեն և որոնք սալդաթի կամ աֆիցերի երես դեռ չեն տեսել։