Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդանանց պատերազմը, կամ սրբույն Վարդանա նահատակվիլը եղել է վերոհիշյալ մատուռի մոտակայքում, այսինքն` Ղոթուր գետի ափերու մոտ, որ կարծվում է պատմական Տղմուտը։ Թեպետ հայերի շատերի կարծիքն այդ է, պատերազմի Մագվա դաշտերում լինելը, բայց այդ կարծիքը տարակուսական է։ Որովհետև այնտեղ ոչ մի ընդարձակ դաշտ չէ հիշեցնում մեզ Ավարայրին և ոչ մի գետ` Տղմուտը։ Բայց առավել հավանական է, թե գլխավոր պատերազմը եղել է Դուզլաղի հարավային կողմում, այն նվիրական աղբյուրների և այն ըստ ավանդության նետերով ծակծկոտյալ քարաժայռի մոտակայքում, ուր փոքր-ինչ Ղոթուր գետը յուր պղտոր ջրով, լիլային և ցեխոտ հատակով, ձևացնում է մի հեղեղատ, որին այլ անուն անհարմար էր տալ, քան անունս Տղմուտ։ Եվ ընդարձակ դաշտը, այնպես ցամաք և անապատ, հիշեցնում է ողբալի Ավարայրը...։

Պարոն Շերմազանյանը, վերոհիշյալ խոսքերի ճշմարտությունը հերքելու համար, թափ տալով ամբողջ հայ պատմագրությունը, դուրս է բերում զանազան վկայություններ, իբր թե յուր միտքը հաստատելու Ավարայրի դաշտի պարոն Րաֆֆիի զույգ տված տեղում չլինելու մասին, չնայելով, որ նույնիսկ վկայություններով նա հաստատում է պարոն Րաֆֆիի կարծիքը։

Պ. Շերմազանյանը հիմնվելով Ղազար Փարպեցու (երես 8) և Չամչյանի (հատ. բ. երես 67) խոսքերի վերա, ասում է. «Մեր պատմիչներն հայտնի ասում են, թե Պենտեկոստեի մեծ տոնի ուրբաթ օրը Արտաշատ քաղաքեն, այսինքն Խորվիրաբեն սուրբ Վարդանը վեր առավ հայերի գունդն և հասավ Արտազ գավառի Ավարայր գյուղը կամ դաշտը, և շաբաթ օրը պատերազմը արին, այսինքն մին օրվան ճանապարհ»։

Ընդունելով առժամանակ հիշյալ խոսքերը իբրև ճշմարտություն մեք հասանում ենք մի այդպիսի եզրակացության, թե պ. կրիտիկոսը հայոց բանակի արշավանքի երկու ծայրերը դնում է Արտաշատեն կամ Խորվիրապեն սկսյալ մի օրվա ճանապարհի հեռավորությամբ մինչև Արտազ գավառի Ավարայր գյուղը, որ համարում է վերջին կետը, ուր վերջացած է պատերազմը։

Այժմ հարցը նորանումն է, թե Խորվիրապի մոտեն ճանապարհ ընկնելով հայոց բանակը նույն ուղղությամբ, որով տանում է նորանց պ. Շերմազանյանը, մի օրվա մեջ մինչև ո՞ւր կարող էին հասնել։