Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհուրդների մեջ: Բայց աստիճանը հարաբերությունների մեջ չէ փոխվում, մնում է միևնույնը: Խորհուրդների մեջ գերակշռում է ավելի հասակավորի կարծիքը: Եթե նոր ամուսնացածը կրտսեր որդի էր, խոնարհվում է երեց եղբորը, իսկ երեց եղբայրը` հորը: Ընտանիքի գլխավորությունը պատկանում է նրան: Հոր մահից հետո նրա տեղը բռնում է անդրանիկ որդին: Որպես կրտսեր եղբայրը հնազանդվում է երեց եղբորը, այնպես էլ կրտսեր եղբոր կինը պետք է հնազանդվի երեց եղբոր կնոջը: Ինձ շատ է պատահել տեսնել գյուղերում, երբ երեց եղբայրն իր հյուրի հետ սեղան էր նստել, կրտսեր եղբայրը ոտքի վրա ծառայում էր նրանց։ Փոքր եղբայրն այն աստիճան պատկառում է և հարգում է մեծ եղբորը, որ աստիճան հարգում է և իր հորը։ Նրա ներկայությամբ չէ ծխում, գինի կամ արաղ չէ խմում, թեև մեծ եղբայրը գիտե բոլորը, և առհասարակ մատների միջից է նայում իրանից փոքրի այս տեսակ համեստությունների վրա։

Հոր կենդանության ժամանակ որդիների մեջ բաժանում լինել կարող չէ. եթե նրանցից մեկն անհնազանդ էր գտնվում և խանգարում էր ընտանեկան կարգերի ներդաշնակությունն, արտաքսվում է ժառանգությունից զրկված։ Հոր մահից հետո եղբայրները երկար շարունակում են դարձյալ միասին ապրել, մինչև նրանք ևս ունենում են որդիներ, որոնց ամուսնացնում են և թոռների տեր են լինում։ Տունը լցվում է ահագին բազմությամբ, գերդաստանը ստվարանում է և ընտանիքի կազմակերպությունն ավելի բաղադրյալ ձև է ստանում։ Երբ հին սերունդն անցնում է, մնում են ջահիլներն, այդ ժամանակ առաջ է գալիս բաժանմունքը. հանկարծ մեկ մասնատված գերդաստանից կազմվում են 5-6 ընտանիքներ։ Բայց նկատողության արժանի է այն, որ գյուղացի հայրերը չափազանց հեռատես են լինում և իրանց կենդանության ժամանակ կարգադրում են այն բոլորը, ինչ որ պետք էր որդիների ապագա տնտեսության և ապրուստի համար։ Օրինակ, մեկ հայր ուներ երեք որդի, գիտեր, որ իր մահից հետո, վաղ թե ուշ, նրանք կբաժանվեն, նա աշխատում է շինել յուրաքանչյուրի համար մի առանձին խրճիթ, և եթե իր միջոցները չէին ներում այդ անել, նա գոնե տալիս է իր տան շինությանն այնպիսի ձև, որ կարելի լիներ երեք հավասար մասերի բաժանել, որ հետո երեք որդիների համար հարմար բնակարաններ լինեին։ Գյուղերում սովորաբար լսվում է` այն ինչ աղայի յոթը ջրաղացները, յոթը օրավար հողը, յոթը այգիները, յոթը հոտ ոչխարները և այլն. իսկույն կարելի էր եզրակացնել, թե նա