Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեցել է յոթը որդի, և ամեն մեկի համար առաջուց տնօրինել է միևնույն կայքերը, որ եղբայրներից յուրաքանչյուրը հավասար չափով ստանար հոր ժառանգությունից իր բաժինը։ Բայց եթե հայրն այնքան աղքատ էր, որ իր կենդանության ժամանակ չկարողացավ տնօրինել որդիների համար մի ապահով ապագա, նրանից հետո որդիներն այնքան ժամանակ միմյանց հետ անբաժան ապրում են, միասին աշխատում են, մինչև կարողանում են վաստակել այնքան, որ բավական կլիներ յուրաքանչյուրի կանոնավոր տնտեսության համար, եթե հարկավոր կլիներ բաժանվել միմյանցից։

Այսքանը բավական համարելով երիտասարդների ընտանեկան հարաբերությունների մասին, այժմ դառնում եմ դեպի նրանց հասարակական գործունեությունը։

Այն գյուղերում, ուր նահապետական սովորությունները դեռ տիրում են կյանքի մեջ, երիտասարդությունը չէ մասնակցում հասարակական գործերում։ Որպես ընտանիքի մեջ, այնպես էլ հասարակական գործերի մեջ ձայն ունեն աղսախկալները (սպիտակ մորուք ունեցողները) միայն։ Օրինակ, պետք էր հարկերը բաժանել ծուխերի կամ կայքերի վրա, պետք էր ջրերին հերթ նշանակել, եկեղեցու երեսփոխանի հաշիվը տեսնել, կամ պետք էր այս և այն հանցավորին պատժել, մի խոսքով բոլոր գյուղական գործերի համար հավաքվում են «սպիտակամորուքները», ժողով են կազմում, խոսում են, դատում են և վճռում են։ Բայց նույն օրից, երբ գյուղերում հիմնվեցան կանոնավոր շինական դատարաններ, երբ նրանց տրվեցան որոշյալ օրենքներ, և երբ կանցելարիական ֆորմալիստությունը մերժեց սպիտակամորուքների բերանացի դատավճիռները — այն օրից ծերերի դարն անցավ և ասպարեզը մնաց երիտասարդներին։ Որովհետև շինական դատարաններում մասնակցելու համար պետք է փոքր ի շատե գրագետ լինել, պետք է փոքր ի շատե ծանոթ լինել օրենքների հետ, և վերջապես պետք է կանոնավոր խոսել գիտենալ, բայց դրանցից զուրկ են ծերունիները։ Ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ ներկա լինել շինական դատարաններում ժողովների վիճաբանություններին. նախագահում է տանուտերը, խոսել ցանկացողները ձայն են խնդրում, միմյանց չեն խանգարում, չեն ընդմիջում, վերջապես տեսնում ես մարդիկ, որ հասկանում են իրանց պետքերը, և վիճաբանությունների մեջ տիրում է ավելի առողջ դատողությունը, թեև պարզ և համեստ կերպով, և ոչ սոփեստական պերճախոսությունը, որ շատ անգամ կարելի է նկատել մեր քաղաքների դումաների մեջ։