Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսուամենայնիվ, հին սերունդը դեռ ոչ բոլորովին կորցրել է իր նշանակությունը։ Երբ պատահում են գյուղում զանազան հրավերքներ, օրինակ, երբ կնունքաճաշ են տալիս, երբ մի հանգուցյալի համար հոգեհաց են տալիս, երբ մի տան մեջ նավասարդին հարիսա էին եփել, կամ ղավուրմայի համար մորթած ոչխարներից խաշ էին պատրաստել — միշտ հրավիրում են ծերունիներին, իսկ երիտասարդներին չեն կանչում։ Եթե հրավերքներում պատահում են երիտասարդներ, նրանք ծերերի հետ սեղան նստելու համարձակություն չունեն, այլ նրանց պատվելու համար ոտքի վրա սպասավորություն են անում։ Երիտասարդներն իրանց զվարճությունը գտնում են իրանց շրջանի մեջ. հավաքվում են միասին, գնում են գյուղից դուրս, առանձնանում են մի այգու կամ մի ձորի մեջ և այնտեղ քեֆ են անում, բայց տանը հյուրեր հրավիրելու իրավունք չունեն, քանի որ դեռ կենդանի էր ծերունի հայրը։ Հայրերն առհասարակ չեն ներում որդու անձնիշխանությունն ընտանիքի մեջ, իսկ դրսումը, եթե մի լավ բան անում է նա, չեն արգելում, որովհետև որդու փառքը, որդու ստացած գովասանությունները դարձյալ իրանց են վերաբերում։ Այս է պատճառը, որ նրանք երբեմն անում են այն մեծ զիջողությունը, երիտասարդ որդիներին թույլ տալով իրանց հաճույքների համեմատ վարվել։

Անցնում եմ դեպի գյուղական երիտասարդության մտավոր, հոգեկան և առհասարակ կուլտուրական առանձնությունները։

Տեղագրական և կլիմայական պայմանները Հայաստանում, ավելի քան թե ուրիշ տեղ, արտահայտում են իրանց ազդեցությունը ժողովրդի մտավոր, հոգեկան և առհասարակ կուլտուրական առանձնությունների վրա։ Այս կետից նայելով մեր գյուղական ազգաբնակությունը կարելի է երկու որոշ խմբերի բաժանել` լեռնաբնակներ և դաշտաբնակներ։ Խոսենք յուրաքանչյուրի մասին առանձին։

Լեռնաբնակները, թե հովիտների մեջ, թե ձորերում, թե բարձրավանդակների վրա և թե անտառներում, դեռ ապրում են գետնափոր խրճիթների մեջ, որոնք ավելի գազանների որջի են նման, քան թե մարդկային բնակության։ Խրճիթը բաժանված է երկու մասերի, մեկի մեջ կենում են անասունները, մյուսի մեջ տերերը։ Մշտավառ խարույկը — տնային օջախը — հարաժամ ծխում է բնակարանի կենտրոնում, որ սփռում է իր շուրջը լույս և ջերմություն։ Գլխավոր պարապմունքն անասնապահությունն է։ Անասունը մատակարարում է նրանց ամեն ինչ, որ պետք էր ապրուստի համար` կերակուր,