Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հագուստ և վառելիք։ Հագուստի համար գործվածներ պատրաստում են կնիկները բուրդից և իր բնական գույնով, որ շատ տեղերում բավական նրբության է հասցրած։ Մսակերությունը սովորական եղած չէ, կերակրվում են անասունների կաթով, մածնով, յուղով, պանրով և բանջարեղեններով միայն։ Ձմեռը բավական երկարատև լինելով, իսկ տարվա մյուս եղանակները ցուրտ, այս պատճառով երկրագործությունը զարգացած չէ. մշակում են ցորյան, գարի և հաճար միայն։ Մշակության համար մեծ աշխատություն պետք չէ, որ զարգացներ մեծ հմտություններ. թեթև արորով փոքր-ինչ խրխրում են լեռների հողով պատած կուրծքը, ցանում են և թողնում են բնության կամքին. անձրևը ինքը ջրում է, և արեգակի անզոր ճառագայթները բուսցնում են։ Շատ անգամ վաղահաս ձմեռը ձյունով ծածկում է դեռ չհասունացած հունձքը, և գյուղացին ուտելու հաց չունի։ Կյանքը նահապետական է։ Մարդը դեռ չէ տաշվել, չէ կոկվել. դեռ պահպանել է իր նախնական կոշտությունը` թե լեզվի, թե մտածության և թե կենցաղավարության մեջ։ Կյանքի պահանջները խիստ սակավ են, մարդը բավականանում է փոքրով, և չափավոր կարիքը չէ ստիպում շատ մտածել։ Գոհությունը վիճակից տիրում է կյանքի վրա անշարժության հետ միասին։

Երիտասարդությունը լեռնաբնակների մեջ նշանավոր է իր տիպական հատկանիշներով։ Նա, որպես բնության ազատ զավակ, դաշտեցիների նման ցած, խորամանկ և տափակ բնավորություն չունի։ Լեռնցի երիտասարդությունը նույնպես պարզամիտ, նույնպես կոշտ-կոպիտ, նույնպես անխորտակելի և նույնպես վայրենի է, որպես ինքը լեռը։ Նա ծանոթ է զենքերի հետ, որսում է անասուններ, պատերազմում է գազանների հետ, և հարկավորված դեպքում, չէ խնայում իր զենքը գործ դնել և իր նման մարդերի դեմ։ Մեր բոլոր նշանավոր ավազակները, որոնց քաջագործությունները հերոսության են հասնում, լեռնցիներ են եղել։ Հայոց անկախությունը մինչև մեր մոտ ժամանակները պահպանվեցավ Ղարաբաղի լեռներում։ Դավիթ-բեկը, մեր 18-րդ դարու հերոսը, նույն տեղացի էր։ Նշանավորն այն է, որ այդ քաջ և կազմվածքով, հոգով, ուղեղով առողջ և զորավոր երիտասարդներից առաջ են գալիս երևելի մարդիկ, երբ դեպքերը գցել էին մեկին կրթության ճանապարհի վրա, և նա համալսարանական բարձր ուսում էր ստացել։

Խոսենք դաշտաբնակների մասին։

Բոլորովին հակառակ պատկեր են ներկայացնում դաշտաբնակները։