Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի նորը, դեպի ավելի վայելուչը։ Տարակույս չկա, որ ամեն մի փոփոխություն կյանքի մեջ, որ ինքնուրույնաբար չէ ծագում նույնիսկ կյանքի փոքր առ փոքր և հաջորդաբար քաղաքակրթվելուց, այլ միանգամով ընդունում է ամեն ինչ դրսից և օրինակից — մի այսպիսի կապկությունը շատ անգամ կարող է ձգել և ծուռ ճանապարհի վրա։ Այդ դեպքում քաղաքների վիճակի մեջ մեծ դեր է խաղում Թիֆլիսը։

Միայն մի քանի գավառական քաղաքներ ունեն արքունի գիմնազիաներ, մյուսները պրոգիմնազիաներ, իսկ մեծ մասը տարրական միջնակարգ դպրոցներ։ Բացի հիշյալներից, համարյա բոլոր քաղաքներում հայերն ունեն իրանց ազգային կամ թեմական կամ ծխական դպրոցները։ Վերջինները լցված են լուսավորչական հայերով միայն, օտարազգիներ, կաթոլիկ կամ բողոքական հայեր չեն ընդունվում։ Արքունական դպրոցների մեջ նույնպես հայ աշակերտների թիվը մեծամասնություն է կազմում, կարելի է մոտավորապես ասել, որ 10 ուսանողից 9-ը հայ է։ Բայց պետք է գիտենալ, որ ռուսական Հայաստանի քաղաքներից շատերի մեջ, որպես են` Հին-Նախիջևանը, Օրդուբադը, Շուշին, Գանձակ, Շամախի, Նուխի, Բաքու, Դերբենդ, մահմեդականները, եթե մեծամասնություն չեն կազմում, գոնե թվով հայերից շատ պակաս չեն, այսուամենայնիվ նրանց զավակները դպրոցների մեջ ամենաչնչին տեղն են բռնում։ Կրոնական մոլեռանդությունն առաջնակարգ դեր է խաղում այստեղ։ Զարմանալին այն չէ, որ դպրոցները լցված են ըստ մեծի մասին հայ աշակերտներով, այլ այն, թե որպես այդ ողորմելի հիմնարկություններից դուրս են գալիս նշանավոր մարդիկ, որ սովորել էին միայն ռուսերեն գրել, կարդալ և սխալներով խոսել։ Ես ճանաչում եմ նահանգական դատարանի նախագահ, հաշտարար դատավորներ, նոտարիուսներ, և այլ բարձր պաշտոնավարներ, որոնք բացի գավառական միջնակարգ դպրոցներից, մի այլ տեղ չեն սովորել։ Հասկանալի է, որ դրանք իրանց առաջադիմությունով պարտական են ոչ թե դպրոցներին, այլ իրանց սեփական աշխատությանը, որ սկսելով ստոր ծառայություններից, և գործնականապես վարժվելով, զարգանալով, վերջապես ծերության հասակում հասել են բարձր պաշտոնների։

Դժվար է որոշել, թե ո՛ր դասակարգի մանուկները հաճախում են արքունական և ո՛րը բուն ազգային դպրոցները, բայց այսքանը հայտնի է, որ արքունական դպրոցները մտնում են գլխավորապես որդիները մանր աստիճանավորների, որոնց ծնողները միջոց չունեին