Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց Թիֆլիս ուղարկելու, որ պահանջում է մեծ ծախսեր։ Իսկ մեր թեմական և ծխական դպրոցները մտնում են որդիները վաճառականների և արհեստավորների, որոնք շատ պետք ունեն ռուսաց լեզվի մեջ, և կամենում են շարունակել իրանց հորերի պարապմունքները։ Բայց լինում են և այնպիսիները, որոնց թիվը փոքր չէ, որոնք ազգային վարժարաններում պատրաստվելով, մտնում են արքունական դպրոցները։

Բոլոր աշակերտները բնակվում են իրանց ծնողների հետ և բացի հոր տնից և ուսումնարանից մի ուրիշ տեղ չեն ճանաչում, շատ-շատ կարելի է տեսնել նրանց հասարակաց այգում, խումբով նստած իշոտիքի վրա, անշարժ նայում են զբոսնողներին։ Մինչև անգամ մերձակա գյուղերից եկած աշակերտները չեն վարձում առանձին սենյակներ բնակության համար, այլ կենում են մի բարեկամի կամ ծանոթի ընտանիքի մեջ։ Ծնողները վճարում են, գյուղից ուղարկելով յուղ, պանիր, ալյուր և այլն։ Շատ գյուղացի աշակերտներ, որոնց ծնողները բոլորովին աղքատ են, վճարում են իրանց ծառայությամբ։ Դա մի զարմանալի միջոց է ուսում առնելու, որով հայտնվում է այն սաստիկ ծարավը, որ քաշում է մեր մանուկներին դեպի դպրոցը։ Գյուղից եկած աշակերտը մտնում է մի ընտանիքի մեջ որպես ծառա, առավոտյան վաղ վեր է կենում, տնային գործերը կատարում է, հետո գնում է վարժատուն, այնտեղ մնում է մինչև ճաշ, և վերադառնալով, կրկին շարունակում է իր տնային ծառայությունները. ե՞րբ է պատրաստում նա իր դասերը — դա մի հրաշք է, միայն գոհ է, որ նրան տալիս են մի կտոր հաց, հագցնում են տան հնոտիքներով, թեև պատահած ժամանակը սաստիկ ծեծում են, եթե գտնում են որևիցե զանցառություն իր պարտավորությունների մեջ։ Այսպես է սկսում գյուղացի աղքատ ուսանողը, և պատերազմելով ահագին դժվարությունների հետ, հասնում է մինչև համալսարան։

Գավառներում ծնողները սաստիկ խիստ են դեպի ուսանող աշակերտը, նրան պահում են զգույշ հսկողության ներքո, որպես մի աղջիկ, և դրսումը կորցրած ամեն մի ավելորդ րոպեի համար հաշիվ են պահանջում։ Միջոց ունեցող հայրերը որդուն առանց սպասավորի դպրոց չեն ուղարկում, և նա երեխայությունից սովորում է այն բանին, որ միշտ մեկը պետք է առաջնորդեր նրան կյանքի մեջ։ Այսպես, բարոյականության հետ պահպանվում է և աշակերտի անծանոթությունն աշխարհի հետ։ Ամենահարուստ աղայի որդին գրպանում չունի մի կոպեկ ծախսելու համար, և այդ,