Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ իրանց վաստակած փողի ավելորդով օգնում են ընկերներին, կամ ուղարկում են իրանց չքավոր ծնողներին, որոնց թողել էին հայրենիքում։ Հայտնի բան է, որ միջոց ունեցող գիմնազիստները, որոնք ստանում են ծնողներից ամսական 50— 60 ռուբլի, բոլորովին տարբեր պայմանների մեջ են սովորում։ Լավ կահավորված սենյակ, լավ ճաշ, զանազան տեսակ զվարճությունները և զբոսանքները նրանցից շատ ժամանակ են խլում, և այս պատճառով նրանք լինում են ավելի թույլ ուսանողներ, քան թե իրանց աղքատ հայրենակիցները։

Ես դառնում եմ դեպի այն աշակերտները, որոնք ուսանելու համար Թիֆլիս կամ ուրիշ քաղաքներ չեն գնում, այլ ավարտելով գավառական միջնակարգ դպրոցներում, մնում են այնտեղ և գործում են իրանց հայրենիքում։

Մեր ժամանակից 20—30 տարի առաջ, և կարելի է ասել այն օրից, երբ ռուսները տիրապետեցին Կովկասը, հայ երիտասարդության առջև բացվեցավ մի ընդարձակ ասպարեզ։ Նոր տիրապետողներն անծանոթ լինելով երկրին և տեղային պայմաններին, և որ ավելի կարևորն է, իրանցից պատրաստի մարդիկ չունենալով, որ գիտենային զանազան ցեղերի լեզուները, կարոտ էին տեղային գործիչների` նոր կառավարության բոլոր հիմնարկությունների մեջ։ Հայերի մեջ գտան ընդունակ գործիչներ։ Փոքր ի շատե ռուսերեն խոսող երիտասարդը, փոքր ի շատե ռուսերեն գրել—կարդալ իմացողը ստացավ տեղ, պաշտոն և ծառայություն։ Դատարանները, պոլիցիաները, գանձատները, պոստերը և մաքսատները լցվեցան հայերով։ Ժամանակի սաստիկ պահանջը խտրություն չէր դնում ոչ անձերի և ոչ ընդունակությունների մեջ, բավական էր, որ գործը «յոլա էին տանում»։ Այսպես շատերը հարստացան, շատերը բարձր աստիճանի հասան։

Բայց հետզհետե պահանջը պակսելով, կառավարության հիմնարկություններն ավելի կանոնավոր ձև ստանալով, ծառայել ցանկացողներից պահանջվեցավ մի որոշ չափով գիտություն։ Այժմ կարելի է հասկանալ, թե գավառական դպրոցներից դուրս բերած ողորմելի գիտության համեմատ ստացած պաշտոնն ինչ կլինի։ Համարյա բոլոր ավարտողները սկսում են գրագրությունից կամ ստոր պաշտոններից։ Սարսափելի բան է ամբողջ կյանքում, թեքված լինել գրասեղանի վրա, գրել և միշտ գրել։ Մարդը դառնում է կատարյալ մեքենա, երբ աշխատում է ձեռքը միայն, իսկ գլուխը մնում է անգործ։ Այստեղից հասկանալի է այն իդիոտության հասած