Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այստեղ ոչինչ չէ կարելի շինել»։ Մեր դպրոցները, մեր եկեղեցին, մեր նոր լեզուն, մեր լրագրությունը, մեր նոր ծաղկող գրականությունն այն աստիճան բարկացնում են նրանց, որ մինչև անգամ ասել են տալիս, թե «խենթացել եք, ո՞ւմ համար եք աշխատում, ո՞ւմ համար եք գրում, եթե մեզ համար է, մենք ամեն բան գիտենք, իսկ եթե ամբոխի համար է, նա չէ կարդում»։ Անցնում են տարիներ, բարձր ուսում ստացած երիտասարդն ալևորվում է, պառավում է, բայց դարձյալ նա իրան երևակայում է նոր մտքի, նոր գաղափարների ներկայացուցիչ, չնայելով, որ նրա շուրջը ամեն ինչ փոխվել էր, իսկ ինքն անշարժ, անփոփոխ մնացել էր իր տեղում, առաջադիմության մի քայլ անգամ չանելով։

Կհաղորդեմ մի քանի գծեր առհասարակ գավառական երիտասարդության կյանքից։

Հասարակական կյանքը գավառական քաղաքներում, եթե չասեմ բոլորովին քարացած է, բայց և չէ արտահայտում այն կենդանությունը, որ կարելի է տեսնել փոքր ի շատե զարգացած հասարակության մեջ։ Գավառները դեռ չեն թոթափել իրանցից հին պարսկական փոշին, ասիականությունը դեռ տիրում է իր բոլոր այլանդակ ձևերի մեջ։ Ամեն մարդ իր տխրությունը և իր զվարճություններն անց է կացնում իր տան չորս պատերի մեջ։ Նա իր զգացմունքները չէ բաժանում հասարակության հետ։ Ամեն մարդ իր շահերի համար է աշխատում, իսկ հասարակաց շահերի վրա չէ մտածում։ Այստեղից ինքնըստինքյան առաջ է գալիս անհատների առանձնությունը, և մի ընդհանուր կապ չէ ամբողջացնում նրանց այն միության մեջ, որ կոչվում է հասարակական կյանք։ Այս բանին փոքր արգելք չէ լինում և այն, որ հասարակությունը կազմված է տարբեր ցեղերից, որոնք բոլորովին բաժանված են միմյանցից թե լեզվով, թե կրոնով, թե սովորություններով և թե իրանց շահերով։

Երիտասարդությունն անց է կացնում իր օրերը կատարյալ դատարկության մեջ, եթե նա իր գործերով զբաղված չէր, ուրիշ մի զվարճություն չկա, որ պարապ ժամանակում զբաղեցներ նրան։ Մի քանի քաղաքներում վերջին տարիներում միայն հայտնվեցան հասարակաց պարտեզներ, ուր ծառերը դեռ ստվեր չեն ձգում, և ճեմելիքները ծածկված են խոտերով։ Խիստ սակավ երեկոներ կարելի է տեսնել այնտեղ մի ծառայող ռուս զբոսնում է իր կնոջ հետ. տեղացի կնիկները տան մեջ փակված են, նրանց դուրս չեն թողնում։ Վաճառական և արհեստավոր մարդիկ չեք տեսնի այդ պարտեզներում,