Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացի երկու-երեք լրագրից կարդալու համար ուրիշ բան չես գտնի։ Գրավաճառանոց ոչ մի քաղաքում չկա, եթե հարկավոր էր մի գիրք, պետք է բերել տալ Թիֆլիսից։

Կինը, որպես գյուղերում, այնպես էլ գավառական քաղաքներում բոլորովին աննշան դեր է խաղում երիտասարդների կյանքի մեջ։ Կարելի է կարճապես ասել, որ նրանք բացի իրանց մայրերից և քույրերից ուրիշ կնոջ երես չեն տեսնում։ Եղբայրը եղբոր կնոջ հետ խոսակցելու իրավունք չունի։ Այստեղից հասկանալի է, որ օտար ընտանիքների մեջ մտնելիս, երիտասարդները միայն կարող են տղամարդերի հետ տեսնվել։ Հարեմական դրությունը դեռ տիրում է ընտանիքի մեջ։ Թողյալ այդ, երիտասարդները մուտք չունեն օտար ընտանիքների մեջ, եթե մերձավոր ազգական չլինեին։ Գավառներում մի բարեկամի կամ ծանոթի տուն կարող ես մտնել այն ժամանակ միայն, երբ քեզ հյուր են կանչում։ Գործի համար կարելի է տեսնվել փողոցում կամ բազարում, ուր կարող ես ուզած մարդիդ միշտ գտնել։ Եթե մի երիտասարդ սկսում է հաճախել որևիցե տուն, իսկույն աչքի է զարկում. իսկույն կասկածանքով են նայում` «այստեղ մի բան կա», մտածում է ամեն մարդ։ Չամուսնացած երիտասարդը վարում է կատարյալ ամուրի կյանք։ Գավառներում բացարձակ ախտեր չկան։ Խիստ սակավ է այն կնիկների թիվը, որ թեթև վարքի տեր լինեին։ Մնում են «համբերատար տները», ուր չես գտնի երկու կամ երեք կին ամբողջ քաղաքի համար։ Այստեղ մտնում է երիտասարդը մեծ երկյուղով, ամաչում է ոչ միայն ծնողներից, այլև մինչև անգամ իր մտերիմ ընկերներից։ Հասարակությունը խիստ սուր աչքով է նայում դեպի այս տեսակ մոլությունները։ Եթե պատահում է մի կին, որ փոքր ի շատե շեղված լիներ բարոյական ճանապարհից, անպատճառ նա եկած պիտի լիներ Թիֆլիսից։ Այսպիսիները լինում են ըստ մեծի մասին եկվոր ռուս ծառայողների աղախինները, որ չեն ցանկանում հետևել տերերին` նրանց վերադարձի ժամանակ։ Տեղային հայ կնիկները չեն մտնում հասարակաց տները. եթե պատահում է մեկին մեղանչել, այդ անում է նա ծածկաբար։ Իսկ մահմեդական կնիկներին միշտ սպասում է մահ իրանց հավատակիցների կողմից, երբ ոչ մահմեդականների հետ հարաբերություն են ունենում։ Կրոնական ֆանատիզմը մեծ վիհ է ձգել հաղորդակցությունների մեջ։

Վերջացնում եմ գավառացիների մասին, ձգելով մի թեթև հայացք նրանց հասարակական, ազգային և կրոնական հատկանիշների վրա։