Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առհասարակ պետք է ասել, որ գավառներում դեռ նոր է սկսվել նոր սերունդի մաքառումը հնի դեմ։ Հաջողությունը նորերի կողմն է. հները հետզհետե կորցնում են իրանց բռնած դիրքերը, որոնց վրա դարերով ամրացած, իշխում էին։ Ժամանակը, կյանքի այժմյան պայմանները, որոնց մեջ անընդունակ են հները, և մտավոր զարգացումը նպաստում են նոր սերնդի հաղթությանը։ Ոչ միայն ապագան դրանց է պատկանում, այլև ձեռք են ձգել և ներկայի մի մասը։ Առաջ որդին հորից խորհուրդներ էր հարցնում, այժմ հայրը ստիպված է որդու հետ մասլահաթներ անել։ Գործը, իրավ է, դանդաղ է ընթանում, բայց հաջողությունը մեծ ապագա է խոստանում։

Երիտասարդությունն այժմ աշխատում է իր տիրապետության ներքո առնել հասարակաց առաջադիմության երկու գլխավոր գործիչները` ընտանիքը և դպրոցը։ Ընտանիքի մեջ նա ջանք է անում վերանորոգություններ մտցնել, իսկ դպրոցի հոգաբարձությունն իր ձեռքն առնել։ Այդ անում է նա գուցե առանց նախատեսության, առանց սկզբից խորհած նպատակների, և միայն դրդվելով իր հասակին հատուկ զգացմունքներից, բայց հետևանքը բարի է։ Ընտանիքի վերանորոգությունը սկսվում է կնոջ դրությունից. նոր պսակված երիտասարդն աշխատում է իր ամուսնին փոքր ի շատե ազատ վիճակի մեջ դնել. փոխում է նրա հագուստի հին ձևերը, ցանկանում է, որ նրա հետ վարվեին որպես մարդու հետ, և պատահած ժամանակ նրան չէ թաքցնում իր բարեկամներից։ Օրինակները սակավ են, բայց այդ սակավ օրինակները բազմաթիվ հետևողներ են գտնում։ Նույնը անում է երիտասարդը և իր քույրերի վերաբերությամբ։ Երբեմն պատահում են ընդդիմադրություններ, ալևոր ծնողները հակառակում են, և երիտասարդը ստիպված է լինում թողնել իր հայրենական տունը և առանձին բնակվել։

Հասարակական գործերում բացի դպրոցից, երիտասարդությունը մի ուրիշ հող չունի։ Բայց պետք է նկատել, որպես ընտանիքի մեջ դեռևս իր հեղինակությունը չի կորցրել ծերունի հայրը, այնպես էլ հասարակական գործերում դեռևս մեծ նշանակություն ունի աղան և աղայությունը։ Դպրոցների հոգաբարձությունից խիստ դժվար է լինում հեռացնել այդ հիմար, տգետ և բոլորովին անգրագետ փառասերներին, որոնք բացի վնասից և խռովություններից, մի այլ օգուտ չեն բերում։ Բայց երիտասարդությունը փոքր առ փոքր հաղթող է հանդիսանում և իր ձեռքն է ձգում դպրոցները։