Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոսելով դպրոցների հոգաբարձության վրա, ես չեմ կարող չհիշել վարժապետներին, որոնք ներկայացնում են գավառական քաղաքների մտավոր զորության գլխավոր մասը։ Ամեն տեղ դպրոցների սաստիկ բազմացնելու և նոր դասատներ բացվելու համեմատ, պատրաստի վարժապետների թիվը շատ փոքր լինելով, յուրաքանչյուր բախտախնդիր, յուրաքանչյուր անուս տիրացուն մուտք է գտնում գավառական դպրոցներում։ Թիֆլիսում անգործ թափառող անաջողակները վազում են դեպի գավառները և իրանց ձեռքն են առնում կրթության գործը։ Հայտնի է, որ մարդիկ, որոնք իրանց գիտությամբ չէին կարող ասպարեզ բաց անել, միշտ դիմում են խարդախ և անազնիվ միջոցների։ Դրանով կարելի է բացատրել, թե ինչու ինտրիգան և խռովությունները միշտ անպակաս են լինում գավառական դպրոցներից։ Այստեղից հասկանալի է, թե ինչ բարոյական ազդեցություն կարող էր ունենալ վարժապետն իր աշակերտների վրա, որոնք ամեն օր լսում են նրա մասին շատ գայթակղական խոսքեր, նկատում են նրա մոլի վարքը, ականատես են լինում նրա կռիվներին իր ընկերների հետ։ Վարժապետի բարոյականությունն ազդում է նույնիսկ ժողովրդի վրա, որ քննում է նրա յուրաքանչյուր քայլը, և որի վարմունքը չէր կարող անհայտ մնալ փոքրիկ քաղաքում, ուր բամբասանքը հասարակաց խոսակցության գլխավոր նյութն է կազմում։

Մի քանի խոսք գավառների մտավորապես զարգացած երիտասարդության մասին, որոնք ներկայացնում են, եթե այսպես կարելի է կոչել, գավառների ինտելիգենցիան։ Բարձր ուսում ստացած համալսարանական երիտասարդությունը, որպես նկատեցի այս գլխի մեջ, իրան հեռու է պահում ազգային գործերից, նա ապրում է իր համար, հասարակությունը չէ հետաքրքրում նրան։ Նրանք անպատվություն են համարում թղթակցել որևիցե հայոց լրագրին (պետք է խոստովանել, որ շնորհք էլ չունեն), աշխատակցել մի ամսագրի, կամ հրատարակել մի փոքրիկ գրքույկ։ Ուսումը նրանց ոչինչ չէ արդյունաբերում։ Բացառությունները խիստ մասնավոր են։ Փոքր ի շատե կենդանություն երևում է ոչ մի բարձր դպրոցում չավարտած, ինքնուս երիտասարդների մեջ. դրանք են, որ ամեն բանի վրա գրում են, ամեն բանի վրա դատում են, շատ անգամ ծուռ և սխալ կերպով, բայց գրում են, քանի որ ուրիշ լավը չկա։ Դրանք գործում են, որքան կարող է գործել մի մարդ, որ բնական խելք և սաստիկ եռանդ ունի, բայց մի նշանավոր բան արդյունաբերելու համար պակասում է նրան հիմնավոր գիտությունը։