Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրոնական զգացմունք ավելի վառ է է պահված գավառներում: Երիտասարդությունը թեև չէ համակրում եկեղեցականին, բայց սիրում է իր եկեղեցին: Սնահավատությունը երիտասարդների մեջ կորցրել է իր նշանակությունը, նախապաշարմունքները չեն կաշկանդում նրան: Շատերի մեջ հայտնվում է բողոք դեպի եկեղեցական այս և այն ծիսապաշտությունը: Բայց դարձյալ նրանք հաճախում են հանդեսներին, որովհետև կարծում են, թե այդ բոլորը դեռևս հարկավոր են անզարգացած ժողովուրդն իր եկեղեցու հետ կապված և հայության մեջ հաստատուն պահելու համար: Ազգայնության գաղափարն ավելի զարգացած է գավառական երիտասարդության մեջ. նա հասնում է մինչև ազգասիրական մոլեռանդության: Բացի մի քանի սարսաղ ծառայողներից, բացի մի քանի մանր աստիճանավորներից, չեք գտնի մեկին, որ ամոթ համարեր հայերեն խոսելը: Որպես հայ հասարակության մեջ, այնպես էլ ընտանիքներում տիրապետում է մայրենի լեզուն: Բայց չեմ կարող չհիշել հայերի այն ընդհանուր մոլությունը, որ սովորական է դարձել և մեր գավառներում. տեսնում ես մի տեղ, մի ժողովի մեջ, մի խմբի մեջ տասն հայ, իսկ նրանց թվում մի օտարազգի, անպատճառ տասը հոգի հայերը կսկսեն մեկ օտարականի լեզվով խոսել, ինչ ազգից և լիներ նա: Չգիտեմ ե՞րբ պետք է հայն ազգային հպարտություն ունենա:

Գ


ՈՒՍԱՆՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ


Իսկապես մենք չունենք այն տարրը, որ հասկացվում է բառերովս ուսանող կամ ուսանողություն: Ասելով գերմանական ուսանողություն, ֆրանսիական ուսանողություն, մենք իսկույն ըմբռնում ենք մի միտք բոլորովին որոշ և կազմակերպված տիպերի մասին, որ հայտնի են իրանց գաղափարներով, ձգտումներով և հատկանիշ առանձնություններով: Բայց հայ ուսանող ասելով, մենք հասկանում ենք միայն բարձր ուսում ստացած երիտասարդ, որ սովորել էր այս և այն համալսարանում — և ավելի ոչինչ: Այդ տարրը մեզանում մի որոշ ձև չէ ստացել. նա դեռ իր քաոսական դրության մեջն է գտնվում: Եվ շատ բնական է, որովհետև մի ազգ, որ սեպհական համալսարան չունի, և չի էլ կարող ունենալ իր հատուկ