Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսանողությունը։ Գիտությունն, արդարև համազգային սեպհականություն է, բայց ոգին, որ համալսարանի մթնոլորտը ներշնչում է ուսանողի մեջ և տալիս է նրա բնավորությանը մի որոշ գույն — դա առանձնական նշանակություն ունի։ Այդ պատճառով շատ դժվարին է ներկայացնել հայ ուսանողությունը որպես մի կազմակերպված մարմին և նկարել նրա պատկերն իր ամբողջական ձևի մեջ, քանի որ նրանք ուսանում են զանազան պետությունների զանազան համալսարաններում։ Այսուամենայնիվ, ես կաշխատեմ իմ ընթերցողներին մոտավորապես ծանոթացնել այդ հասարակության հետ, որ համարվում է նոր սերնդի ներկայացուցիչը[1]»:

Հայ ուսանողները սովորում են մեծ մասամբ Ռուսաստանի համալսարաններում և ընտրում են գլխավորապես Ս. Պետերբուրգի և Մոսկվայի համալսարանները, իսկ փոքր թվով դիմում են արտասահման` Գերմանիա, Ֆրանսիա և Զվիցերիա։ Սկսենք առաջ Ռուսաստանի ուսանողների մասին։

Ես ի նկատի ունեմ երկու մայրաքաղաքների` այսինքն Ս. Պետերբուրգի և Մոսկվայի ուսանողներին։ Հայ ընտանիքի մեջ սեղմված և փոքրիկ գավառական քաղաքներում դեռ աչքերը չբացված երիտասարդը հանկարծ ընկնում է մեծ աշխարհի ծովի մեջ։ Ընկերները վարձում են նրա համար մի կահավորված սենյակ, և նա սկզբում, կարծես, վախենում է դրսի լույսից և պտտվում է իր համազգիների նեղ շրջանի մեջ։ Բավական պատրաստված չլինելով կյանքի համար, նա իրան միշտ հեռու է պահում հասարակությունից, ռուս կամ օտարազգի ուսանողների հետ հարաբերություն չէ կազմում, նրանց ընտանիքների մեջ չէ մտնում, և հայ ընտանիքներից հազիվ է պատահում, որ իրանց մոտ ուսանողներ ընդունեին, եթե տանը հասած աղջիկ չունեին, որին դժվար էր մայրաքաղաքում «խարջել»։ Երբեմն նա տեսնվում է հայ հասարակության հետ, երբ ազգասիրությունից դրդված, կիրակի կամ տոն օրերում հայոց եկեղեցի է գնում։ Եվ այսպես բնականաբար կազմվում է հայ ուսանողների նեղ և սահմանափակ շրջանը, որ միշտ առանձնացած և անխառն է մնում օտար տարրերից։ Ոմանք մեր ազգասերներից խիստ գոհացուցիչ են գտնում այդ դրությունը, մտածելով, թե այսպիսով հայ ուսանողները պահպանում են իրանց

  1. 1 Ես իմ տեղեկություններն առհասարակ ուսանողական կյանքի մասին քաղել եմ զանազան գրքերից, իսկ ինչ որ վերաբերում է հայ ուսանողներին, այդ վերստուգել եմ իմ բարեկամներից: