Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայությունը և չեն օտարանում։ Բայց իմ կարծիքով, կյանքի մեջ կուլ չգնալու համար պետք է մտնել նույնիսկ կյանքի մեջ, որպես ծովի մեջ չխեղդվելու համար պետք է անպատճառ ջրի մեջ մտնել և լողալ սովորել...

Այսպես առանձնացած կյանք վարելով, իրանց նեղ հայկական շրջանից չդուրս գալով, օտարազգի ուսանողներից և օտարազգի ընտանիքներից միշտ իրանց հեռու պահելով, հայ ուսանողները, թեև պահպանում են իրանց ցեղական հատկությունները, բայց միևնույն ժամանակ չեն փոխում իրանց բնավորությունը և իրանց վարքը, որ շատ կարոտ էին քաղաքակրթվելու։ Բացի դրանից, նրանք մտավորապես ևս չեն զարգանում։ Ուսանողն ավելի շատ բան սովորում է դրսի աշխարհից, քան թե համալսարանի ամբիոնից։ Կյանքը — ահա՛ մարդու գլխավոր վարժապետը։ Ով որ իրեն հեռու է պահում կյանքից, մնում է անկիրթ, անտաշ և վայրենի։ Դրանով կարելի է բացատրել հայ ուսանողների նեղ աշխարհահայեցողությունը, որ միշտ սահմանափակված է մնում նախապաշարմունքների շրջանակի մեջ։

Ես հիշեցի հայկական ուսանողների, հայկական շրջան և այլն, բայց իսկապես այդ էլ չկա։ Ի՞նչ շրջան կարող է կազմվել հայ ուսանողների մեջ, քանի որ նրանց մեջ ոչինչ կապ չկա, քանի որ ոչ մի ընդհանուր միտք և ոչ մի ընդհանուր նպատակ չէ միացնում նրանց։ Նրանք միայն հայրենակցական և ազգակցական կապեր ունեն, և ավելի ոչինչ։ Հայ ուսանողը երբեմն հայ ընկերի մոտ է գնում, նրա հետ տեսնվում է, նրա հետ ժամանակ է անցկացնում, որովհետև մի ուրիշին չէ ճանաչում։ Իսկ նա իր ներքին կյանքի մեջ ևս բոլորովին առանձնացած է ապրում, առանց սերտ հարաբերություններ ունենալու նույնիսկ իր ազգայինների հետ։ Կարճ ասեմ, նա իր բավականությունները, իր զվարճությունները և իր զարգացումը գտնում է իր սենյակի չորս պատերի մեջ։ Բացառությունները խիստ աննշան են։

Կբերեմ մի քանի պատկերներ նրանց կյանքից։

Մտնում ես ուսանողի սենյակը, այնտեղ կտեսնես մի քանի աթոռներ, մահճակալ և գրասեղան, որի վրա մի թղթի կտոր անգամ չես գտնի գրելու համար։ Թանաքամանի մեջ մի անգամ ածված մելանը վաղուց է ցամաքել։ Գրքեր չես տեսնի։ Գրասեղանի վրա դրած են մի քանի վիմագրությամբ տպված տետրակներ միայն` դրանք պրոֆեսորի լեկցիաների տետրակներն են, որոնց վրա մի թիզ փոշի է նստած, երևի ուսանողի ձեռքը վաղուց չէ դիպել նրանց։