Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սենյակի մեջ աչքի են ընկնում կանացի պաճուճանքներ, ժապավենի կտորներ, երկայն գուլպաներ և այլն։ Դրանք ի՞նչ են շինում այնտեղ։ Ուսանողը սիրուհու հետ է ապրում։

Եթե տեսնենք, թե ինչ տեսակ կնիկներ դեր են խաղում ուսանողների կյանքի մեջ, հասկանալի կլինի նրանց քաղաքակրթության աստիճանը։ Մոսկվայում և Պետերբուրգում կա մի ամբողջ դաս աղջիկների, որոնք կոչվում են սպիտակեղենների կարուհիք (белошвейка). այդ ողորմելի արարածները մոդնի մագազինների գործավորներ են, որոնք երբ ձանձրանում են աշխատությունից, մտնում են ուսանողի մենարանը զվարճանալու համար։ Մի կեղծ սեր կապում է ուսանողին այդ աղջիկների հետ, որոնք այնքան անգամ խաբված են երիտասարդներից, որ իրանք էլ այլևս չեն հավատում սերին։ Ուսանողն անդադար փոխում է նրանց, որպես հնացած կոշիկներ։ Բայց լինում են այնպիսի միամիտներ, որոնք խաբվելով երիտասարդի խոստմունքներից, իսկապես սիրում են նրան։ Երիտասարդը տարիներով ապրում է նրա հետ, ավարտում է իր ուսումը և վերադառնում է իր հայրենիքը, իսկ սիրուհուն, որպես մի լաթի կտոր, ձգում է մի կողմ, առանց խղճահարվելու և առանց բնավ մտածելու, թե ում խնամակալությանն է թողնում իր սիրո պտուղները… Գնացող ընկերոջ սիրուհին մնում է մնացողին, և այսպես նա անցնում է ձեռքից ձեռք և երբեք չէ դուրս գալիս ուսանողների աշխարհից։

Իմ վերևի նկարագրությունը դեռ բավական ազնիվ ձևն է ուսանողների հարաբերության կանանց հետ։ Բայց լինում են և այնպիսի փչացած բնավորություններ, որ հաճախում են և հասարակաց տները։ Մեկն այս ասպարեզի հերոսներից ինձ պատմում էր, թե ինքն ամբողջ օրը քնում էր, իսկ գիշերը սկսում էր ամենաբարձր հասարակաց տնից, ուր կարելի էր գտնել պիանո, լավ նախաճաշիկ և նուրբ ըմպելիքներ, և առավոտյան վերջացնում էր այն ցած և կեղտոտ տներով, ուր բավական էր հինգ կոպեկ միայն ծախսել։ — Ինչո՞ւ, — հարցրի ես։ — Այնպես, այդ զվարճություն էր պատճառում ինձ, — պատասխանեց նա։ Բայց պատահում են և այնպիսի անազնիվներ, որ գտնում են մի պառավ, բայց հարուստ այրի կին և ապրում են նրա հետ և նրա հաշվով։

Ուրիշ զվարճություններից, որ կարող էին կրթողական ազդեցություն ունենալ, զուրկ են հայ ուսանողները։ Թատրոն հազիվ են գնում, թատրոնով հետաքրքրվում են այն ժամանակ միայն, երբ պետք էր տեսնել մի սիրուն պարուհի, կամ լսել մի հռչակավոր