Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգչուհու։ Կաֆեներում ժամանակ չեն անցկացնում, այլ իրանց հայկական սովորությամբ հավաքվում են մի ընկերոջ սենյակը, «տնավարի» կերպով արաղ են խմում, ծխում են և թուղթ են խաղում. — արաղը և թղթախաղը, ահա գլխավոր պարապմունքները, որ զբաղեցնում են ուսանողներին։ Այսպիսի շրջաններում, որոնք խաղալու փող չունեն, նստում են, կամ ապուշ կերպով նայում են խաղացողների գործողությանը, և կամ մի կողմ քաշված, խոսում են, վիճում են բոլորովին իրանց անծանոթ, բոլորովին չսովորած և չկարդացած առարկաների վրա։ Հյուրանոց մտնում են միայն ճաշելու համար և անմիջապես դուրս են գալիս։ Ուսանողը երբեմն ամբողջ ամիսներ ուտում է մի հյուրանոցում պարտքով. երբ պարտքը շատացավ և անկարող էր վճարել, փոխում է հյուրանոցը, գտնում է մի նորը, ուր նրան չեն ճանաչում և նոր կրեդիտ է բաց անում։

Հայ ուսանողներն առհասարակ փոքր են սովորում, ոչ թե այն պատճառով, որ նրանցից շատ ժամանակ է խլում արաղը, թղթախաղը և սիրուհին, ոչ, այլ ընդհանրապես ծույլ են։ Խիստ սակավ է այն ուսանողների թիվը, որոնք ճշտությամբ հաճախում են դասախոսություններ լսելու. ոմանք գնում են շաբաթը մի անգամ, ոմանք ամիսը մի անգամ, իսկ ոմանք ամենևին չեն գնում։ Մեծ մասը, համարյա 10-ից 8-ը լսում են դասախոսություններ իրավաբանական և բժշկական ֆակուլտետներում։ Մի բան, որ ավելի հատկանիշ է Ռուսաստանի մեր ուսանողներին, այն է, որ նրանց չէ հրապուրում գիտության սերը, այլ ընտրում են այս և այն մասնագիտությունը որպես միջոց կյանքի մեջ ասպարեզ բացելու և ապագայում իրանց համար որևիցե դրություն հաստատելու։ Ավելի պարզ ասած, նրանք սովորում են դիպլոմի համար։ Բայց դիպլոմ ստանալու համար մեծ գիտություն, մեծ աշխատություն պետք չէ, բավական էր տարին մի քանի անգամ դասախոսություններ լսել, հետո սերտել մի քանի տետրակներ և քննություն տալ։ Որպես համբակի սերտողությամբ լցնում է իր գլխում ուսանողը գիտության պաշարն այդ ողորմելի վիմագրական տետրակներից, այսպես էլ շուտով դուրս է թռչում նրա գլխից, երբ թողնում է համալսարանը։ Բայց դիպլոմն իր զորությունը չէ կորցնում։ Իսկ խոսքը բժիշկների մասին չէ, որոնցից պահանջվում է մի որոշ չափով գործնական աշխատություններ, բայց մնացյալ մասնագիտությունների մեջ գլխավորապես գործ է կատարում հիշողությունը, աշակերտի սերտողությունը, և ոչ թե գիտության յուրացնելը, կամ ուրիշ խոսքով` մարսելը։