Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կբացատրե, կվիճե նրա հետ, վերջապես այնքան կաշխատե, մինչև աղջկա միտքը բոլորովին կդարձնե ուսումնասիրության վրա։ Եթե աղջիկը միջոցներ չուներ, նա իր վերջին կոպեկները կզոհե նրա համար զանազան ուսումնական պարագայք գնելով, և չի խնայի ոչ ժամանակ և ոչ աշխատություն նրան զարգացնելու համար։ Պատահում է, որ աղջիկը բոլորովին անբախտանում է ուսանողի ազդեցության տակ, այսուամենայնիվ, նրանից պատրաստվում է մի էակ, որ հակառակ է ընթանում հասարակական նախապաշարմունքների դեմ։ Ուսանողների ազդեցությունն է պատճառը, որ այժմ բազմաթիվ ռուս աղջիկներ եվրոպական զանազան ուսումնական հիմնարկությունների մեջ դասախոսություններ են լսում։

Բայց հայ ուսանողը կնոջ վրա բոլորովին ասիական կետից է նայում: Ապրելով իր հայրենակիցների նեղ շրջանում, և ուրիշ խմբերի մեջ չմտնելով, նա գոնե չէ ստանում այն արտաքին փայլը, որ տալիս է մարդուն մեծ աշխարհի քաղաքակրթությունը: Դրսից նա երևում է իր կոպտությամբ և անշնորհք դանդաղկոտությամբ, իսկ ներսից` խորին դատարկությամբ: Նա այնքան սակավ է կարդացել, այնքան սակավ ծանոթ է, թե ինչ է կատարվում իր շուրջը, որ անընդունակ է վարել որևիցե լուրջ և բաղադրյալ վիճաբանություն: Մի քանի սերտած և «մոդնի» ֆրազներից հետո նրա գիտության պաշարը սպառվում է և սկսում է դուրս տալ ծիծաղելի հիմարություններ:

Ես նկարագրեցի Ռուսաստանի հայ ուսանողներին, բոլորովին նրանց մթին կողմերը վեր առնելով, բայց անարդարություն կլիներ ասել, թե բոլորը ծույլ են, բոլորը ոչինչ չեն սովորում, բոլորն անբարոյական են և այլն: Կան և ճշմարիտ աշխատասեր ուսանողներ, բայց դժբախտաբար այսպիսիների թիվն այնքան փոքր է, որ պետք է բացառություն համարել: Դժվար է ճշտությամբ որոշել, թե մեր ժողովրդի ո՞ր դասակարգին են պատկանում լավ ուսանողները: Միայն մի երևույթ, որ ճշմարիտ է, այն է, որ գյուղացիները գերազանցում են գավառացիներից, գավառացիները թիֆլիսեցիներից, իսկ աղքատները` հարուստներից: Ինչի՞ց է այդ, արդյոք ընտանեկան կրթությունի՞ց, թե առանձին ֆիզիոլոգիական պատճառներից, ես պարզապես բացատրել չեմ կարող: Բայց հասկանալի են պատճառները, թե ինչու աղքատ երիտասարդներն ավելի հաջողակ ուսանողներ են լինում, քան թե հարուստները: Իսկ այն, որ գյուղացի և գավառացի երիտասարդները միշտ գերազանցում