Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ անգամ միևնույն ուսանողն իր ընտրած առարկայից լսում է զանազան պրոֆեսորների մոտ, զանազան քաղաքներում. այստեղից առաջ է գալիս ուսանողների գաղթականություն մի համալսարանական քաղաքից դեպի մյուսը — Բեռլին, Լայպցիգ, Մյունխեն, Հայդելբերգ, Իենա և այլն։ Այդ նպաստում է ուսանողին ծանոթանալ զանազան գիտնականների հայացքների հետ իր ընտրած առարկայի վերաբերությամբ։ Լսելով զանազան պրոֆեսորներին, զանազան համալսարաններում, ուսանողը կարող է վերջապես ընտրել մեկը և այն համալսարանում քննություն տալ. այդ մասին արգելք չկա, բավական է, որ նա ցույց տար իր թղթերը, թե այս ինչ պրոֆեսորների մոտ այսքան ժամանակ լսել է։ Շատ անգամ պատահում է, որ մի ուսանող, բացի իր ընտրած մասնագիտությունից, լսում է և մի քանի ուրիշ առարկաներ. պատմաբանը կամ ֆիլոլոգը միևնույն ժամանակ հաճախում է լսել մի նշանավոր նատուրալիստին, կամ նատուրալիստը գնում է լսելու մի երևելի փիլիսոփային։ Եվ այսպես, ամեն մի լսող կարող է ազատ կերպով ուսումնասիրել իր ընտրած արհեստի բոլոր հայտնի ավտորիտետներին։

Պրոֆեսորի հարաբերություններն ուսանողի հետ ընտանեկան բնավորություն ունեն։ Նա չէ վարվում որպես մի զորապետ իր սոլդատների հետ։ Նրա տունը մատչելի է ամեն մի ուսանողին, որ դիմում էր նրա մոտ որևիցե խորհրդի համար։ Այս է պատճառը, որ գերմանական պրոֆեսորը, գերմանական համալսարանը չէ վախեցնում ուսանողներին,. և ոչ մի ազգի մեջ պրոֆեսորն այնքան հարգված և այնքան սիրված չէ իր լսողներից, որպես Գերմանիայում։ Նկատված է, որ պրոֆեսորներն ավելի մեծ ուշադրություն դարձնում են օտարազգի ուսանողներին, քան թե բուն գերմանացի ուսանողների վրա, որոնք գիտեն իրանց գործը և շատ կարոտ չեն նրանց խնամատարությանը։

Համալսարանական պարապմունքները լինում են գլխավորապես դասախոսություններ, որ լսում են ուսանողները, վճարելով մի նշանակված վարձ իրանց պրոֆեսորին, այլև մասնավոր հետազոտություններ և փորձեր լաբորատորիաներում պրոֆեսորի աջակցությամբ, և վերջապես սեմինարիաներ, որ կատարվում են ուսանողների վարժության համար։ Սեմինարիաները որոշվում են նրանով, որ պրոֆեսորը տալիս է իր լսողներին մի հարց նրանց մասնագիտության վերաբերությամբ մշակելու համար, ուսանողները պատրաստում են և նրանցից մեկը բարձրանում է ամբիոնի վրա և խոսում է։