Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պրոֆեսորն այդ միջոցին նստած է լինում մյուս ուսանողների շարքում, լսում է և նշանակում է իր նկատողությունները և միևնույնը անում են և մյուս ուսանողները։ Հետո յուրաքանչյուրն իր կողմից հարցեր է առաջարկում և ամենքին պետք է պատասխանե դասախոսը։

Գերմանական համալսարաններում ամեն ինչ առաջնորդում է ուսանողին դեպի արհեստի և գիտության խորին ուսումնասիրությունը։ Չմոռանանք պրոֆեսորի զանազան զբոսանքները և քննական հետազոտությունները (экскурсия) իր լսողների հետ։ Ուսանողը հույս չէ դնում պրոֆեսորի լիտոգրաֆիական տետրակների վրա, որպես լինում է այդ Ռուսաստանում, որ նա ամբողջ տարին անգործ մնա, և հետո շտապով թութակի նման սերտե քննության համար, և այնուհետև շուտով մոռանա։ Ամեն մի ուսանող զգում է գիտության սաստիկ պահանջը, և նրա բոլոր շրջապատը, ուր չես գտնի մի անգործ մարդ, հարկադրում է նրան աշխատել և անդադար աշխատել։ Առանց գիտության դժվար է ապրել այնտեղ, ուր յուրաքանչյուր ոք ունի մի նշանավոր պաշար գիտության. մրցությունը սաստիկ է։

Գերմանական ուսանողը չէ բավականանում նրանով, ինչ որ սովորում է համալսարանի ամբիոնից. նա կարդում է համարյա բոլոր նշանավոր հեղինակությունները, որ վերաբերում էին իր առարկային։ Այդ բավական չէ, նա հաճախում է զանազան ուսումնական հիմնարկությունների մեջ։ Դիցուք թե մի ուսանող ընտրել էր իր մասնագիտության համար քաղաքական տնտեսությունը. միևնույն ժամանակ նա անդամ է դառնում զանազան ժողովների և զանազան ընկերությունների, որպես են` աշխարհագրական, բժշկական, երաժշտական, հնագիտական, և այլն։ Միևնույն ժամանակ կարելի է տեսնել նրան մի գրատան մեջ քրքրում է հին ձեռագիրներ, ուսումնասիրում է մի անծանոթ արևելյան լեզու, կամ թանգարանի մեջ քննում է հին դրամներ և կամ հետաքրքրվում է զանազան հազվագյուտ բաներով։ Այս բոլոր աշխատություններից հետո, նա ժամանակ է գտնում պարապելու մարմնամարզությամբ, վարժվելու զինավարժության մեջ, կամ զվարճանալու որսորդությունով։ Օրերը, ժամերը, րոպեները նրա մոտ այնպես հաշված են, որ նա ամեն ժամանակի համար զբաղմունք ունի։ Եվ այս է պատճառը, որ գերմանական ուսանողն ունի չափից դուրս բազմակողմանի հմտություններ։ Ամբողջ օրն աշխատելով մի բան սովորել, նա դարձյալ իրան հետ չէ պահում սովորական զվարճություններից.