Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան կտեսնես մի հյուրանոցում, շրջապատված իր ընկերներով, գարեջուր է խմում, խոսում է, դատում է և վիճում է։ Մի բան, որ չէ հետաքրքրում գերմանական ուսանողին, այդ է՝ զբաղվել պոլիտիկայով։ Նա քաղաքական պրոպագանդիստ չէ, բայց հասարակական գործիչ է։ Նա սիրում է երկու բան. գիտություն և գարեջուր։

Կինը մի առանձին դեր չէ խաղում գերմանական ուսանողի կյանքի մեջ։ Նա ոչ թույլ է տալիս իրան ֆրանսիական ուսանողի նման գրիզետների հետ բուլվարները չափչփել, և ոչ ռուսական ուսանողի նման սիրուհու հետ է ապրում։ Նա իր կրքերի մեջ չափավոր է և համեստ, բացարձակ ախտերով չէ հրապուրվում։ Այս է պատճառը, որ գերմանական ուսանողն ամեն մի պատվավոր ընտանիքի մեջ մուտք ունի. նրանից չեն վախենում։ Կնոջ վրա նայում է նա որպես մի քնքուշ առարկայի վրա, որին եթե զորավոր գործերի մեջ գցեիր, կարող էր շուտով կոտրվել, և այս պատճառով, ռուսական ուսանողի նման նա կնոջը չէ ընտրում որպես պրոպագանդայի գործիք։ Նա համարում է կնոջը մի գեղեցիկ արարած, որով կարելի է զբաղվել առանց ձանձրանալու, որով կարելի էր զվարճանալ առանց տխրելու — այսքանը միայն։ Կինը նրան խելքից չէ հանում, բայց երբ սիրում է, սիրում է միայն ամուսնանալու համար։

Ուսանողական կազմակերպությունն ամեն գերմանական համալսարանում բաժանվում է երկու որոշ մասերի, մեկը` գունավորներ, որոնցից կազմված են զանազան առանձին խմբեր (корпорация), որոնք տարբերվում են իրանց գլխարկների և կուրծքի ժապավենների գույներով, իսկ երկրորդը, հասարակ ուսանողները, որոնք չեն համարում իրանց հիշյալ խմբերի կամ կորպորացիաների անդամ։

Գունավոր ուսանողների յուրաքանչյուր խումբը կամ կորպորացիան ունի իր առանձին դրոշը, նշանաբանը, օրդենները, սովորությունները, ծեսերը և վերջապես պրինցիպները։ Մեկը, օրինակ, ներկայացուցիչ է ազնվապետական սկզբունքի, մյուսը ռամկապետական է, երրորդը գիտնական նպատակների է ծառայում, չորրորդը հասարակական տենդենցիաներ ունի և այլն։ Յուրաքանչյուր խումբն ունի իր առանձին ավանդական օրենքները կամ վարչության ստատուտները, որ կազմվել են պատմականաբար վաղեմի ժամանակներից և պահպանվում են ամենայն սրբությամբ։ Ուսանողը, որ մեղանչում է իր խմբի օրենքների դեմ, պատժվում է խմբի