Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ստացել էին զանազան մենամարտությունների մեջ։ Բայց նույն ուսանողը, երբ իր զարհուրելի դեմքով կանգնում է ամբիոնի վրա և կարդում է մի ոգևորված ճառ, այն ժամանակ առանց հիացմունքի չէ կարելի չլսել նրան։ Նա որպես հաջողակ է զենք բանեցնելու մեջ, այնքան էլ ընդունակ է ընդհանուր մարդկային բարձր գաղափարներ արտահայտելու։ Այսուամենայնիվ, գունավոր ուսանողներին հասարակ ուսանողների հետ համեմատելով, առաջիններն այնքան նշանավոր չեն լինում իրանց աշխատասիրությամբ։ Քաջությունը մենամարտության մեջ և զորությունը գարեջուր խմելում — ահա՛ երկու առարկաներ, որոնցով պարծենում են նրանք։ Եթե գերմանական ուսանողների մեջ կան տոկուն աշխատողներ և ճշմարտապես գիտության հետևողներ — դրանք են հասարակ ուսանողները, որոնք ոչ մի կորպորացիայի չեն պատկանում։

Պետք է նկատել, որ այլ և այլ կորպորացիաներ, որոնք իրանց սովորություններով և պաշտոնական ձևերով այժմ քաստայական բնավորություն են ստացել, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ Գերմանիայի միջնադարյան ասպետության զանազան ուխտերի և կարգերի մի նմանություն, որ անցել է ուսանողական կյանքի մեջ։ Այժմ այդ մաշված սովորությունները հնանալու և մոդայից ընկնելու վիճակին են հասել։ Եվ որպես հակակշռություն գունավորների ժողովների, վերջին ժամանակներում կազմվել են ուսանողական ընդհանուր ժողովներ ավելի լայն և ընդարձակ նպատակներով և ժամանակակից սկզբունքների վրա։ Այդ ժողովներին մասնակցում են հասարակ ուսանողները և երբեմն նրանց մեջ լինում են պրոֆեսորներ։

Բայց մի բան, որ պետք է նկատողության առնել, այն է, մինչդեռ մի ուրիշ պետության մեջ չորս-հինգ ուսանող մի տեղ հավաքվելիս, մի ժողով կազմելիս, միշտ կառավարությունը կասկածանքով է նայում նրանց վրա — դրա ընդհակառակն, գերմանական ուսանողներին տրված է այնքան ընդարձակ ազատություն, որ նրանք կարողանում են վերև հիշած կորպորացիաների նման առանձին առանձին խմբեր կամ ժողովներ կազմել, ամենևին նրանցից չեն վախենում։ Գերմանական ուսանողն իր հայրենիքի հավատարիմ զավակն է։ Եվ այդ ցույց տվեց նա վերջին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Նա թողեց համալսարանը և անցավ կռվի դաշտի վրա։

Մինչև այստեղ ինչ որ խոսվեցավ, վերաբերում է բուն գերմանացի ուսանողներին, հիմա տեսնենք, ի՞նչ են անում այնտեղ հայ ուսանողները։