Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստանալով: Թեև գտնվեցան այնպիսիները, որ վերադարձան մեզ մոտ առանց քննություն տալու, դարձյալ զանց չառնելով իրանց այցատոմսակի վրա տպել տալ դոքթոր տիտղոսը…

Չեմ կարող չհիշել, որ ոմանք մեր ուսանողներից վատ համարում թողեցին Գերմանիայում, ոչ միայն իրանց վերաբերությամբ, այլ իրանց վարքով մրոտեցին մինչև անգամ հայ անունը, որ այնքան փոքր ծանոթ է Եվրոպայում: Խաբել, պարտքով ուտել, խմել և փողը չվճարել — այդ արել են ոչ միայն ուսանողները, որ զուրկ են եղել նյութական միջոցներից, այլ նրանք, որ ստանում էին ծնողներից մեծ փողեր: Այլևս չեմ խոսում այն բանի վրա, որ ամեն մի հասարակ վաճառականի որդին կամ գռեհիկ գյուղացին իրան ներկայացնում էր իբրև հայոց մի երևելի ազնվական տոհմից: Այս տեսակ խաբեբաներից մեկի համար պատմում էին, թե իրան կոչում էր իշխան Արարատա...

Իհարկե, վերև հիշած տխուր նկատողությունները պետք է բացառական երևույթներ համարել, որ ավելի հետևանք են ընտանեկան վատ դաստիարակության, որը չէ փոխում հայի զավակը, երբ նա ընկնում է մի նոր և ավելի քաղաքակրթված աշխարհի մեջ: Բայց առհասարակ խոսելով, գերմանական աշխարհը, գերմանական կրթությունը, գերմանական ուսումը շատ նպատակահարմար է մեզ հայերիս համար, որ ունենք բավական նմանություն գերմանացիների հետ, թե բնավորության, թե տոկունության, թե տնտեսական խնայող, հաշվող չափավորության կողմից: Հայն ասիական գերմանացի է: Ինչ որ պակաս է մեզ, կարող ենք ստանալ նրանցից: Մեր նախնիքը Քսենոֆոնի օրերում գարեջուր էին խմում, իսկ գերմանացին խմում է այսօր: Մեր մեջ նմանություններ կան, ամեն կողմից նայելով:

Նկատողության պետք է առնել մի ուրիշ պայման ևս, այն է` գերմանական համալսարանի ազդեցությունն օտարազգի երիտասարդների վրա: Նա վերադարձնում է ամեն ազգին իր որդուն, ավելի կատարելագործված, ավելի զարգացած, ոչինչ չխլելով նրա ցեղական հատկություններից, այլ ընդհակառակն, ավելի ամրապնդելով, ավելի հաստատելով: Նա չինացուն տալիս է լավ չինացի, ճապոնացուն` ճապոնացի, հայաստանցուն` հայ: Բոլորը մկրտվում են միևնույն համալսարանական տաճարի մեջ գիտության, իմաստության լույսով, բայց յուրաքանչյուր ազգի որդին կրում է իր ցեղական դրոշմը: Շատ ժամանակ չէ անցել, մի խնջույքի մեջ, որ ուսանողները տալիս էին ի պատիվ իրանց պրոֆեսորի, երբ առաջարկվեցավ