Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի շատ սովորում են այն տարերքից, որոնցմով տոգորված է Փարիզի մթնոլորտը: Զվարճությունները չափից դուրս շատ և բազմատեսակ են: Կան բալեր, թատրոններ, ռեստորաններ, կաֆեներ և այլն: Բայց մանավանդ կնիկները նրանցից շատ ժամանակ են խլում: Մեծ մասն ապրում է սիրուհու հետ: Մի ամբողջ դաս աղջիկների, որոնք կոչվում են Լատինական թաղի կանայք, խիստ հետաքրքիր դեր են խաղում ուսանողների կյանքի մեջ: Դրանք հասարակ գործավոր աղջիկներ են, որոնք բանում են զանազան հիմնարկությունների մեջ, և ուսանողների սենյակներում ուրախություն ու հանգստություն են գտնում, երբ աշխատանքը ձանձրացնում էր նրանց: Այդ մշտազվարթ, անհոգ և դարտակամիտ արարածներն երբեք դուրս չեն գալիս ուսանողների աշխարհից, և անդադար անցնում են մեկ ձեռքից մյուսը:

Ինչ որ ավելի հատկանիշ է ֆրանսիական ուսանողներին — դա է նրանց արտաքին փայլը: Փարիզը սաստիկ հղկում է և կոկում է նրանց: Նրանք գերմանական ուսանողի նման անտաշ, անշնորհք և դանդաղկոտ չեն, որոնց բոլոր արժանավորությունները թաքնված են դրսի սառն և ցամաք կեղևի տակ: Փարիզի ուսանողը կատարյալ աշխարհային մարդ է իր բազմակողմանի ձևերի մեջ: Նա խոսում է, դատում է ամեն բանի վրա, մինչև անգամ այն բաների վրա, որ ինքը չգիտե: Նրա խելքը սաստիկ ճկուն է, դեպի ամեն կողմ ոլորվում է: Նա վարում է խիստ բաղադրյալ վիճաբանություններ, և կարկտի նման թափում է խոշոր ֆրազներ: Այդ նրանից է, որ նա կարդում է մեծ հեղինակների գրքերը, րոմանները, կարդում է լրագրներ, գնում է թատրոն, ծանոթ է ամեն բանի հետ, ինչ որ կատարվում է նրա չորս կողմում: Նա թեև հիմնավոր գիտություն չունի, թեև խորին կրթություն չէ ստանում, բայց շուտով հափշտակվում է իդեաներով:

Ինչ որ վերաբերում է ընդհանուր գաղափարներին, մեծ մասը ազատամիտ և առաջադիմականներ են, և պատկանում են հասարակապետական կուսակցության: Այդ բավական չէ, շատերը նրանցից երազում են համաշխարհային հասարակապետություն, երազում են ազգերի եղբայրություն, և չքավորության վախճան: Ազատության և արդարության իդեաները սաստիկ արբեցնում են նրանց: Այսուամենայնիվ, ֆրանսիական ուսանողը պրոպագանդիստի ոգի չունի, որ մտներ ընտանիքների մեջ, որ մտներ ամբոխի մեջ, և առանց աղմուկի տարածեր իր մտքերը: Նա իր նեղ, ուսանողական շրջանից դուրս չէ գալիս: Օրինավոր ընտանիքներում մինչև