Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ նրան չեն ընդունում։ Բայց երբ պատահում է մի ժողովրդական շարժում, երբ ծագում է մի քաղաքական հեղափոխություն, ուսանողները խլրտում են, զարթնում են որպես քնած առյուծ, և առաջինն են լինում, որ թնդեցնում են փողոցները մարսելիեզներով, փշրում են բռնակալների արձանները և թռչում են բարիկադների վրա։ Ով որ փոքր ի շատե ծանոթ է ֆրանսիական պատմությանը, գիտե, թե որպիսի մեծ դեր խաղացին ուսանողները 1830 և 1848 թվականներում, և մանավանդ Կոմունայի ժամանակ։

Չէ կարելի ասել, թե բոլոր ուսանողները Ֆրանսիայում հետևում են հասարակապետական կարծիքների։ Տակավին կղերը և մանավանդ եզվիտները մեծ ջանք են գործ դնում, որ իրանց մտքերն անցկացնեն երիտասարդության մեջ. և այս պատճառով, նրանք սաստիկ եռանդով ձգտում են իրանց ձեռքը ձգել ուսումը և կրթությունը։ Եվ կարողացան հաջողացնել, Ֆրանսիայի զանազան գավառներում պահպանելով բավական ծաղկած դպրոցներ, և նույնիսկ Փարիզում բաց անելով մի քանի ուսումնական հիմնարկություններ, այլև մի կաթոլիկական համալսարան։ Այդ հիմնարկությունների ուսանողները ոչինչ կապ չունեն իրանց հասարակապետական ընկերների հետ, և ներկայացնում են սաստիկ ռեակցիա։ Բայց մի բան, որ ուրախալի է, այն է, որ այժմ Ֆրանսիայի ամենաբարձր մտածողներն աշխատում են սահմանափակել կղերի իրավունքները կրթության գործի մեջ։

Հայ ուսանողն, ընկնելով Փարիզի քաոսի մեջ, բոլորովին իր գլուխը կորցնում է։ Անթիվ կուսակցություններ, անթիվ կարծիքներ, և անթիվ ձգտումներ — նա չգիտե, թե որին պետք է հետևել։ Վերջապես ավելի զորեղ հոսանքը նրան իր հետն է տանում։ Նա մոռանում է իր անձը, մոռանում է իր երկիրը, մոռանում է, թե ինչ ազգի որդի է ինքը։ Նա էլ միտքը չէ բերում, թե իր եղբայրները ինչ դրության մեջ են ապրում Տաճկաստանում, Պարսկաստանում, Ռուսաստանում և Հնդկաստանում — սկսում է երազել ընդհանուր եղբայրության վրա։ Նա դառնում է կոսմոպոլիտ և ուրանում է իր հայությունը։ Որպես վերևում հիշեցի, մենք չունենք շատ թվով ֆրանսիական ուսանողներ, իսկ այդ երևույթը նշմարվում է Կ. Պոլսի երիտասարդների մեջ, որոնք դժբախտություն էին ունեցել մի քանի տարի Փարիզում թափառելու։ Զարմանալին այն է, որ Փարիզի ուսանողն իր ընդհանուր կոսմոպոլիտական հայացքներով հանդերձ, դարձյալ մնում է ֆրանսիացի. նա առաջ սիրում է իր ազգը, իր հայրենիքը և ավելորդը միայն տալիս է օտարներին։